News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի ընթացքում հիմնականում քննարկվել են պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացին առնչվող հարցեր` մասնավորապես կապված ուսանողների հրամանագրման եւ նախատեսվող զորակոչի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կրթության եւ գիտության նախարարությունից:

Անդրադառնալով միասնական քննություններին` նախարարը նշել է, որ նախորդ տարիների համեմատ այս տարի դրանք անցել են աննախադեպ հանդարտ մթնոլորտում. արձանագրվել են եզակի դժգոհություններ, եւ այդ առումով, ըստ Արմեն Աշոտյանի, գործընթացը մի քայլ առաջ էր: Նախարարը տեղեկացրել է, որ հաջորդ տարի «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Մաթեմատիկա» առարկաների հարցաշարերը կհամալրվեն նոր առաջադրանքներով, իսկ մյուս բոլոր առարկաներով անցկացվող միասնական քննությունները եւս կանցկացվեն շտեմարանային եղանակով, որն այս տարի արդարացրել է իրեն: Նախարարը հիշեցրել է, որ համաձայն կարգի` անվճար եւ վճարովի տեղերի մրցույթը պետք է ամփոփվի մինչեւ հուլիսի 15-ը, ուստի ընդունող հանձնաժողովը պետք է անի հնարավորը` գործընթացը ժամանակին եւ առանց խոչընդոտների ավարտելու համար:

Նիստի ընթացքում պետական եւ ոչ պետական բուհերի ռեկտորները ներկայացրել են քննարկվող հարցերի շուրջ իրենց առաջարկությունները եւ դիտողությունները: Հաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, հանձնաժողովը որոշել է բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը եւ սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ, մասնավորապես, ուսանողներին առաջարկել ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչեւ զորակոչվելը վճարել 2012-2013 թվականների ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճարը, որը հնարավորություն կտա նրան ծառայությունն ավարտելուց հետո սովորել տվյալ վարձավճարով կամ բանակից զորացրվելուց հետո վճարել 2014-2015 թվականների ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով:

Ընդունող հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա հուլիսի 10-ին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների նախնական արդյունքների ներկայացման, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններին, միջազգային օլիմպիադաների հաղթողներին եւ զորակոչիկներին առնչվող այլ խնդիրներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ