News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատրաստակամություն է հայտնել ընդունել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի դեմ բողոքի ակցիայի նախաձեռնողների պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Այսօր` հուլիսի 4-ին, դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նման առաջարկություն է ներկայացվել նաեւ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին:

Ըստ դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի, Ա. Մանուկյանը հրաժարվել է ընդունելությունից՝ նշելով, որ բողոքի ակցիայի շրջանակներում նման հարց չեն բարձրացնում եւ որ ԱԺ 4 խմբակցությունների անունից է հանդիպման առաջարկություն ներկայացվել: Նրանք դիմել են ԱԺ նախագահին՝ իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդարանում հանդիպում կազմակերպելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում  խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական բժիշկներ, որոնցից ՊՆ զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը հունիսի 29-ին մահացել էր:

Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 6 մարդ, որոնց մի մասը Հայրապետյանի թիկնազորից են:

Հուլիսի 3-ին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել մանդատը եւ մահացու ծեծի ենթարկված Վահե Ավետյանի ընտանիքին ուղղված ցավակցական հայտարարությամբ հանդես եկել: Մինչ այդ որոշ ՀՀԿ-ականներ հայտարարել էին, որ տեղի ունեցածում Ռ. Հայրապետյանը ոչ մի մեղք չունի:

Նշենք, որ վերջին օրերին բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջում են պատասխանատվության ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ