News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

«Արայ» ընկերության սեփականատեր, հոկտեմբերի 16-ին «ինքնասպանություն» գործած Արմեն Պետրոսյանի մոր` Կարինե Սուքիասյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արմեն Պետրոսյանի կինը` Տատյանա Չադենկովան: «Իմ երեխան նրա հետ է, իհարկե, ես հետաքրքրվում եմ այդ գործով: Ես իմ երեխայով եմ ապրում,  24 ժամ այդ մասին եմ  մտածում: Ուզում եմ իմանալ որտեղ են գտնվում»,- նշեց Տատյանա Չադենկովան, հավելելով, որ Արմեն Պետրոսյանի գործով նորություններ չունի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  «Արայ» ընկերության սեփականատեր, հոկտեմբերի 16-ին «ինքնասպանություն» գործած Արմեն Պետրոսյանի գործը հայտնի տեսանյութի ի հայտ գալուց հետո, որով կասկածի տակ դրվեց ինքնասպանության վարկածը, նրա մոր պահանջով, Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվել է ոստիկանության գլխավոր քննչական վարչություն, սակայն մինչ օրս որեւէ  լուրջ առաջընթաց չկա: NEWS.am-ի հարցմանը, թե շարունակո՞ւմ է հիմնական համարվել ինքնասպանության վարկածը, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցել էին, որ նախաքննությունը շարունակվում է եւ ոչինչ ավելին ասել չեն կարող:

Հիշեցնենք, որ կողմերի բացակայության պատճառով Արաբկիր վարչական շրջանի դատարանում, որտեղ քննվում է մահացածի դստեր` 5-ամյա Կարինե Պետրոսյանի խնամակալության հարցը, պարբերաբար հետաձգվում է:

Նշենք, որ Կարինե Սուքիասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ քրգործ հարուցվել քրեական օրենսգրքի 167 հոդվածի հատկանիշներով` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու հատկանիշներով: Սույն հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով կամ ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով: Հայաստանը լքել է նաեւ Արմեն Պետրոսյանի քույրը` Արմինե Պետրոսյանը:

Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունը հոկտեմբերի 16-ին, Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էր «Արայ»-ի սեփականատեր 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով: Նրա աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Իսկ վերջերս հայտնվեց մի տեսանյութ, որով կասկածի տակ դրվեց ինքնասպանության վարկածը եւ  գործը փետրվարի 27-ին Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվեց ոստիկանության գլխավոր քննչական վարչություն:

Տպել
Ամենաշատ