News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր` հուլիսի 6-ին, անցկացվում էր բանավոր քննություն` «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից: Արդեն  վեցերորդ օրն է, ինչ կայանում է այս քննությունը եւ օրական հանձնաժողովը քննում է մոտ 60 դիմորդ, սակայն մինչ այժմ շատ քիչ գոհացուցիչ պատասախաններ են լսել: Հանձաժողովը հույս ունի, որ գոնե  վաղը «Հայոց լեզու եւ հայ գրականության» բանավոր քննության վերջին օրը, կլսեն շատ ավելի լավ պատասխանաններ, քան մինչ այդ էր:

«Հայոց լեզու եւ հայ գրականություն» բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Սամվել Մուրադյանը նշեց, որ գոհ չէ  դիմորդների մակարդակից եւ տարցերտարի գրականության եւ լեզվի նկատմամբ հետաքրրքությունը նվազում է: Նրա փոխանցմամբ` այսքան ժամանակ  2-3 հատ  19, եւ 18, 1-2 հատ 17 միավոր են արձանագրվել, մի քանի հատ էլ 16 միավոր, իսկ մնացածները շատ ցածր միավորներ են ստացել, գերակշռում են 8, 9 միավորները, որոնց, հանձնաժողովի նախագահի խոսքով, ձգելով են նշանակում, «այլապես մենք ուսանող չենք ունենա, կամ կունենանք այնքան քիչ ուսանողներ, որոնցով կուրս չի կազմվի, դասընթաց չի լինի»:

«Սա պայմանավորված է  երեխաների գիտելիքների ընդհանուր մակարդակով, եթե դուք լինեիք իմ փոխարեն, ինչպես կգնահատեիք մի դիմորդի բանավոր քննության ժամանակ, եթե  նա ձեզ ասի, որ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմը գրել է Հովհաննես Թումանյանը, զարմացաք չէ՞: Իսկ դուք գիտեք մենք այստեղ ինչքան զարմանալու առիթ ունենք»,- ասաց Սամվել Մուրադյանը:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով` այս ամենը գալիս է դպրոցից, աշակերտները իրենց դպրոցական դասագրքերը չգիտեն, բուն գրականությունը չեն կարդում եւ կարծում են, թե իրենց ուսուցիչների վարժանքներով կամ դպրոցական վերլուծություններով  կարելի է պատասախանել գրականության կամ լեզվի հարցերին, ընդհանուր պատկերը շատ տխուր է:  Սամվել Մուրադյանի խոսքով` երեւի ավելի լավ դիմորդները գնում են ուրիշ մասնագիտությունների գծով` օտար լեզու, իրավագիտություն, տնտեսագիտություն, բնական գիտություններ, եւ, հնարավոր է, այստեղ մնացել են նրանք, ովքեր կարծում են, թե խոսելով կարելի է գնահատական ստանալ:

Հանձնաժողովի նախագահն իր զայրույթը եւ դժգոհությունը հայտնեց այն հանգամանքից, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ընդունելության քննություններում «Հայոց լեզու եւ հայ գրականություն» բանավոր քննության փոխարեն մտցրել են Բանավոր հաղորդակցության մշակույթ քննությունը: «Վերցրել են, առանց լուրջ մտածելու, լրագրության բաժնում ընդունելության քննությունների ցանկից հանել են հայոց լեզուն եւ հայ գրականությունը, այսինքն` մենք պատրաստում ենք անգրագետ ժուռնալիստներ, ինչպես տեսնում եք` դրանք են հենց ավերածություն գործում լրատվամիջոցներում: Ուղղակի չգիտեմ ում խելքին է փչել, ով է այդ հարցը ներկայացրել եւ ղեկավարությանը համոզել: Երեւի լրագրության ֆակուլտետի ղեկավարությունը, նրանց այդպես է ձեռնտու, իրենք այդպես են ուզում, նրանք կարծում են, թե առանց հայոց լեզվի եւ հայ գրականության կարող են լրագրող դառնալ: Սյդպես էլ մասնագիտական խորհրդում ատենախոսություններ են ներկայացնում, ստանում են բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան լրագրության գծով, հլը մի դրանց նայեք: Սա մեր երկրի աբսուրդներից մեկն է»,- ասաց նա:

Գրականագետը նշեց, որ այդ քննությունը մտցնելով Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ցանկացել են քննություն ստեղծեն, որ իրենք էլ մասնակցեն եւ մտցրել են այնպիսի առարկա, որ դպրոցում չեն անցնում:

«Հայոց լեզու եւ հայ գրականություն» բանավոր քննությանը ներկա ծնողներից քչերն էին ցանկություն հայտնում պատասխանել մի քանի հարցի, բայց նրանք երեխաների` այս քննությունից ցածր միավորներ ստանալու պատճառը ոչ թե երեխաների վատ իմացության արդյունք են համարում, այլ հանձնաժողովի բարդ, երկակի հարցեր տալու: Իսկ քննությունից դուրս եկող երեխաները գոհունակություն են հայտնում իրենց գնահատականինց եւ հանձնաժողովից: Թեեւ նրանք հիմնականում դրական միավորներ էին ստացել` 8,9, բայց դժգոհ չէին հանձնաժողովցոի տրամադրվածությունից եւ հարցերից: Իսկ թե ինչու էին ցածր միավորներ ստացել, ապա ամեն մի դիմորդ ուներ իր բացատրությունը:

Նշենք, որ եթե նախորդ տարիներին Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել «Հայոց լեզու եւ հայ գրականություն» բանավոր, օտար լեզու, ստեղծագործական աշխատանք եւ «Հայոց լեզու»` ոչ մրցութային, ապա վերջին մի քանի տարիներին դիմորդները հանձնում են «Հայոց լեզու եւ հայ գրականություն»` միասնական, բանավոր հաղորդակցության մշակույթ` բանավոր, ստեղծագործական աշխատանք: Այս հանգամանքը մասնագետների մոտ տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել, մասնավորապես` օտար լեզվի մասնագետները մտահոգված են, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետ կմտնեն առանց օտար լեզվի իմացության ուսանողներ, իսկ գրականության մասնագետները մտավախություն ունեն, որ նույնիսկ լրագրողները չեն տիրապետի հայ գրականությանը: Ֆակուլտետի ղեկավարությունը անդրադարձել էր այս հարցերին եւ նշել, որ իրենք առավելագույնը երեք քննության հնարավորություն ունեն եւ առաջնորդվել են «Որ առարկան է ավելի շատ պետք ֆակուլտետին» սկզբունքով: Նրանց վստահեցմամբ` դեռ տարեսկբից ֆակուլտետը պարբերաբար հանդիպում էր դիմորդների հետ, նրանց հետ քննարկում էին ԲՀՄ-ի հետ կապված հարցերի շրջանակը:

Մանրամասները` տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ