News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը անտեղյակ է հասարակական կազմակերպությունների մասին օրենսդրությունից: Այսօր` հուլիսի 9-ին նման հայտարարություն արեց ՀՀ ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նշենք, որ Ռ. Մակարյանը իր հարցազրույցներից մեկում Հ. Բերբերյանին անվանել էր «գյուղատնտեսության Նոստրադամուս», որի կանխատեսումները սակայն չեն իրականանում: Մասնավորապես` Հ. Բերբերյանը դեռեւս մարտին կասկածներ էր հայտնել, որ այս տարի ծիրանի բերք կլինի, այնինչ տարածաշրջանների մեծ մասում լավ բերք է ստացվել: Չեն իրականանում նաեւ կարտոֆիլի թանկացման մասին Հ. Բերբերյանի կանխատեսումները: Փոխնախարարը նշել էր նաեւ, որ ագրարագյուղացիական միությունը մի քանի անդամ ունի, սակայն ողջ ոլորտի վերաբերյալ վերլուծություններ է ներկայացնում:

Ի պատասխան` Հ. Բերբերյանը հայտարարեց, որ Նոստրադամուսը շատ լավ գիտնական է եղել, եւ ինքը հպարտ է նրա հետ համեմատվելու համար: Ինչ վերաբերում է ծիրանի բերքին, ապա, ըստ Հ. Բերբերյանի` հենց իրենց խորհուրդները լսելով գյուղացիները ժամանակին սրսկումներ արեցին, ինչն էլ ապահովեց բարձր բերք: Կարտոֆիլի հետ կապված էլ Հ. Բերբերյանն ասաց, որ փոխնախարարը 2011 թ. բերքը 2012 թ. բերքից չի տարբերում, քանի որ գները նվազել են նոր բերքի հաշվին, իսկ մինչեւ մայիս կարտոֆիլը թանկ էր` 1 կգ-ը 300 դրամ: «Այն, որ կարտոֆիլի բարձր բերք ունենք` մեր միավորման եւ «Ագրիկո» ընկերության շնորհիվ է, գյուղնախարարությունը դրա հետ ոչ մի կապ չունի»,- ասաց Հ. Բերբերյանը:

Ինչ վերաբերում է «մի քանի հոգով վերլուծություններ անելուն», Հ. Բերբերյանն ասաց, որ փոխնախարարը պարզապես շփոթել է կազմակերպության անդամների թիվը կենտրոնական ապարատի թվաքանակի հետ: 

Որպես եզրակացություն` Հ. Բերբերյանը հայտարարեց, որ գյուղնախարարության 5 տեղակալներից մեկին հարկավոր է կրճատել, իսկ խնայված գումարներով գյուղացիներին 10 անվճար տրակտոր նվիրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ