News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության պողոտայի ձախակողմյան` Բանջարանոցային կոչվող տարածքում օրեր առաջ օձ է նկատվել: Պարզ չէ, թե քանիսն են, մտահոգիչն այն է, որ հայտնվել են հողամասում, այգում, մի խոսքով` բնակավայրին մոտ: Ակամայից հիշեցի տարիներ առաջ բնապահպան Կարինե Դանիելյանի «Երեւանը էկոլոգիական աղետի գոտու ճանապարհին» գիրքը, որում հեղինակը ցանկացել է, բայց այդպես էլ չի զետեղել զավեշտալի մի պատմություն: Իբրեւ Երեւանի օձերն ու կարիճները հրավիրում են համագումար եւ որոշում Հայաստանի իշխանություններին շնորհակալական ուղերձ հղել` իրենց համար կյանքի իդեալական պայմաններ ստեղծելու եւ մարդկանց իրենց բնակավայրերից քշելու հնարավորություն տալու համար: Եթե Անգլիայում ոչխարներն էին ուտում մարդկանց, ապա այս տարի Հայաստանի ողջ տարածքում օձերն այնքան են ակտիվացել, որ անարգել հայտնվում են բնակավայրերին մոտ` տնամերձ հողամասերում, բակերում, բազմաբնակարան շենքերի մուտքերում ու սպառնում են «ուտել» մարդկանց: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի համոզմամբ` Երեւանում հանուն շինարարության, հանուն բիզնեսի իրականացվող համատարած ծառահատումները օձերին ու կարիճներին հրավիրեցին մայրաքաղաք:

«Երեւանը տեղաբաշխված է կիսաանապատային գոտում, որի հիմնական բնակիչները կարիճներն ու օձերն են: Ժամանակին ստեղծվեցին կանաչ տարածքներ, որոնք, սակայն, հետզհետե կրճատվեցին` իրենց տեղը զիջելով ասֆալտ-բետոնին ու բարձրահարկ շենքերին, մայրաքաղաքը վերածվեց կիսաանապատի: Մինչդեռ կիսաանապատը միայնակ չի վերադառնում, նրա հետ վերադառնում են նաեւ ֆլորան ու ֆաունան` իրենց բնակիչներով հանդերձ: Մենք ապրում ենք բնության օրենքներին հակառակ, ուստի հնձում ենք այն, ինչ ցանել ենք»,- ասում է Կ. Դանիելյանը:

Հսկայական հեկտարներով անմշակ, խամ ու խոպանի վերածված հողերն այլեւս անկարող են կերակրել օձերին, մինչդեռ վարուցանքի շրջանում դաշտերում վխտացող միջատներն ու որդերը օձերի հիմնական կերակուրն էին: Այսօր զրկվելով կերից` օձերը կեր են փնտրում բնակավայրերի շրջակայքում: Հայաստանի ագրարային համալսարանի անասնաբուժական, բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան, դոկտոր-պրոֆեսոր Ալբերտ Վարդանյանի համոզմամբ` օձերի ակտիվացումը պայմանավորված չէ բնական աղետներով` սողանքներով, երկրաշարժերով կամ թե համատարած շինարարությամբ, քանի որ այդ կենդանիները շատ զգայուն են ընդերքում կատարվող բուռն գործընթացների, փոփոխությունների հանդեպ:

«Բնության նմանատիպ երեւույթների հանդեպ օձերը բավականին զգայուն են. ընդերքի հետ ունեցած կապն օգնում է նրանց ավելի արագ զգալ վտանգն ու խուսափել դրանից, ուստի անմիջապես հեռանում են այդ վայրերից: Առհասարակ, օձերը փախչում են աղմուկից, նրանք գերադասում են սառը, խոնավ, մութ եւ անաղմուկ վայրեր, թեեւ կեր հայթայթելու հույսով, հատկապես թունավոր համարվող լեռնատափաստանային իժն ու գյուրզան, որոնք շատ մեծ ախորժակ ունեն, մոտենալով բնակավայրերին, հաճախ վնասում են մարդկանց»,- ասում է Ա. Վարդանյանը:

Մինչդեռ հնում «տնային» օձերի մասին լեգենդներ էին պատմում, թե իբր օձն այնքան է մտերմացել տան անդամների հետ, որ անգամ ապրում է տան մի անկյունում, խաղում տան երեխայի հետ, թե իբր տան պահապանն է: Սակայն անցյալ տարի մարդկանց վրա օձերի հարձակման 135 եւ մահվան 1 դեպքի, ինչպես նաեւ այս տարի գրանցված 30 դեպքի մասին տեղեկություններն ի չիք են դարձնում օձերի բարեկամության մասին լեգենդը:

 

Տպել
Ամենաշատ