News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օրերս Հայաստանի երեք մարզերում տեղադրվել է 26 նոր հակակարկտային կայան: Դրանցից 13-ը տեղադրվել է Արագածոտնի, 10-ը` Արմավիրի եւ 3-ը` Լոռու մարզում: Կայանները կառուցել է «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ընկերությունը` պետբյուջեից ՀՀ կառավարության հատկացրած ֆինանսավորմամբ:

Օգտվելով վերջին օրերին հանրապետությունում գրանցված անբարենպաստ եղանակային պայմաններից` իրականացվել է նաեւ հակակարկտային կայանների գործնական ստուգում: Հիմնվելով Արտաշավանի ռադիոլոկացիոն համակարգով ստացված տվյալների վրա` կատարվել են կրակոցներ, որոնք չեզոքացրել են կարկտահարության վտանգը: Նոր կայաններից յուրաքանչյուրը պաշտպանության տակ է առնում առնվազն 1000 մետր շառավղով տարածք:

Չափազանց կարեւոր է, որ հակակարկտային կայաններից կրակոցներն արվեն ճիշտ ժամանակին եւ ճիշտ վայրից, այլապես արդյունքը կարող է միանգամայն հակառակը լինել: ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ում գործում է 24-ժամյա հերթապահություն, ռադիոլոկացիոն համակարգերը հնարավորություն են տալիս կատարել ճշգրիտ հաշվարկներ, պարզել կարկտային ամպերի ծավալը, աճման արագությունը եւ գտնվելու վայրը, ինչն էապես մեծացնում է կայանների արդյունավետությունը:

Կայաններն աշխատում են խնայողական ռեժիմով` օգտագործելով նաեւ օրվա ընթացքում արեւային մարտկոցներից ստացված էներգիան:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով կազմված հանձնաժողովի ներկայացրած եզրակացության համաձայն` կայանները կառուցված են շինարարական ու տեխնիկական նախագծերի պահանջներին համապատասխան եւ պատրաստ շահագործման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ