Հայաստանում հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է գրիպի A/H1N1 վիրուսային վարակի՝ «խոզի գրիպի» լաբորատոր հաստատված 111 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Ներկայում հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 2 հիվանդ: Մնացած հիվանդները, թվով` 106, առողջացումով դուրս են գրվել:
Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը, որն իրականացվել է նաեւ տոների ընթացքում: Համաձայն մոնիթորինգի տվյալների՝ հիվանդացությունը նվազել է: 2009թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ հիվանդացությունը գտնվում է գրեթե միեւնույն մակարդակի վրա: Նկատելի նվազել են նաեւ շտապ օգնության կանչերը:
Բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն եւ բժշկահիգիենիկ գիտելիքներ են տարածվում: ԶԼՄ-ներով բնակչության իրազեկման աշխատանքներ են իրականացվում:
Շուրջօրյա գործում է առողջապահության նախարարության թեժ գիծը` երկու հեռախոսահամարներով:
Հիշեցնենք, որ Հայաստանում խոզի գրիպից մահացել էին երեք հոգի՝ հղի մի կին, 28-ամյա մի երիտասարդ եւ 80-ամյա մի կին: