Հայաստանում նույնիսկ հասարակ գրիպի համաճարկ չկա, ո՞ւր մնաց թռչնագրիպ լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը` հերքելով սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները թռչնագրիպի մասին: Մասնավորապես տեղեկություն էր տարածվել, թե Լուսակերտում 26 տարեկանից բարձր բոլոր բնակիչներին պատվաստում են թռչնագրիպի դեմ:
«Միանշանակ ոչ, առաջինը` նմանատիպ ոչ մի հաղորդում չենք ստացել Գյուղնախարարությունից, երկրորդը` թռչունների անկման մասին ոչ մի հաղորդում անգամ չենք ստացել: Եւ երրորդ` Հայաստանի առողջապահության նախարարությունը թռչնագրիպի վակցինա չունի, չի ներկրվել, դրա անհրաժեշտությունը չկա էլ»,- նշեց նա:
Նա նաեւ հերքեց տարածված տեղեկությունները, թե Լուսակերտում 26 տարեկանից բարձր բնակչության շրջանում պատվաստումներ են իրականացնում: «Ունեցել ենք սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ, որը պատվաստել ենք թիրախ խմբերին»,- ասաց Լիանա Թորոսյանը:
Նշենք, որ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե Լուսակերտում 26 տարեկանից բարձր բոլոր բնակիչներին պատվաստում են թռչնագրիպի դեմ: Ըստ այդ տեղեկությունների` պատվաստումն անվճար է, բայց գյուղացիներն անհանգստացած են եւ չեն ուզում պատվաստվել: