News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին, որոնց հետ քննարկել է Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներին, Եվրամիության հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ողջունելով դեսպաններին ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Սարգսյանը նշել է. «Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են մի շարք խնդիրների լուծմանը, որոնց  թվում բիզնես միջավայրի բարելավմանը: Տեսնում ենք, որ վերջին տարիների մեր բարեփոխումները փուլ առ փուլ տալիս են իրենց դրական արդյունքները, մասնավորապես, դրա մասին են վկայում Համաշախարհային բանկի Doing business-ի զեկույցները, որոնք  ցույց են տալիս, որ Հայաստանը քայլ առ քայլ բարելավում է իր բիզնես միջավայրը: Այդ մասին են վկայում նաեւ Մրցունակության համաշխարհային զեկույցները, որտեղ եւս մեր երկիրն արձանագրել է դիրքերի բարելավում: Չնայած այդ ամենին՝ այս ուղղությամբ դեռեւս ունենք լուրջ անելիքներ»:

Կառավարության ղեկավարը նշել է, որ բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանի համար էական նշանակություն ունի Եվրամիության օժանադակությունը: «Այսօր մենք ԵՄ-ի հետ արդյունավետ կերպով իրականացնում ենք Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները եւ մեր բարեփոխումների վերաբերյալ ստացել ենք մեր եվրոպացի գործընկերների դրական գնահատականները: ԵՄ-ի հետ մեկնարկել են Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ պաշտոնական բանակցությունները: Մենք մտադիր ենք այդ ուղղությամբ բանակցային գործընթացն ամբողջությամբ ավարտել 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եւ պատրաստ լինել ստորագրելու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որը մեզ համար ունի էական նշանակություն»,- նշել է Տիգրան Սարգսյանը: 

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի այս ռազմավարությունը եւ բարեփոխումները հնարավորություն կտան էապես բարձրացնել մեր երկրում կյանքի որակը: «Մեր թիվ մեկ քաղաքական եւ տնտեսական խնդիրը միջին խավի ձեւավորումն է: Ցավոք, դեռեւս մեծ է մեր հասարակության բեւեռվածությունը եւ դեռեւս մեզ չի հաջողվել լուծել աղքատության խնդիրը: Ճգնաժամն էլ իր հերթին առաջինը հարված է հասցնում անապահով խավերին եւ մենք ստիպված ենք պետական բյուջեից ավելացնել նրանց սոցիալական հատկացումները: Այսինքն, աղքատության հաղթահարումը մեզ համար ունի էական նշանակություն: Մենք այդ ռազմավարությունն իրականացնում ենք նաեւ աջակցություն ցուցաբերելով Փոքր եւ միջին բիզնեսին՝ միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությամբ: Այդ նպատակով վարչապետի գլխավորությամբ, Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ձեւավորել ենք Ազգային խորհուրդ, որտեղ էլ  քննարկում ենք եւ փորձում գտնել առկա խնդիրների լուծումները»,- ասել է  գործադիրի ղեկավարը:

Նշելով Հայաստանում ազատ մրցակցության ապահովման հարցում խնդիրների առկայությունը՝ Տիգրան Սարգսյանը  տեղեկացրել է, որ այդ հարցում  ԵՄ-ի հետ համագործակցությամբ կատարվում են արմատական քայլեր: «Մեր խնդիրն է տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, թափանցիկ դարձնել պետական գործիչների գործունեությունը, հասարակությանը հասանելի դարձնել վերջիններիս եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը: Այդպիսի արմատական փոփոխություններ տարբեր իրավական նորմերի ընդունմամբ եւ այլ գործողություններով մենք արդեն իսկ կատարել ենք, եւ կարծում եմ, դրանք մեր բարեփոխումների նոր սկիզբն են»,- ընդգծել է վարչապետը:  

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը ԵՄ-ին ներկայացրել է 31 ուղղություններով բարեփոխումների նոր օրակարգը, որոնք վերաբերում են  դատական մարմինների, մարդու իրավունքների բնագավառներին, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավմանը եւ այլն:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ում Թուրքիայի դեսպանի դիտարկմանը, ըստ որի՝ Հայաստանը եւ Թուրքիան պետք է առաջ շարժվեն նայելով ապագային, վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք ձեզ առաջարկում ենք անհապաղ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանները: Հույս ունեմ, որ Դուք Ձեր այդ մոտեցումը կկարողանաք տարածել Թուրքիայում, որպեսզի թուրք  ժողովուրդը կիսի Ձեր տեսակետն առ այն, որ կարելի է հենց այսօր էլ, նայելով դեպի ապագան, Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Պարզապես պետք է դրսեւորել քաղաքական կամք: Մենք այդ քաղաքական կամքը դրսեւորել ենք»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ