News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռումինական «Ադեվարուլ» օրաթերթը, որն իր ուշադրության կենտրոնում է պահում ոճրագործ Սաֆարովի հետ կապված սկանդալը, դիմել է գրող, Թուրքիայի արտաքին քաղաքական հարցերով վերլուծաբան, հետազոտող Գարեթ Ջենկինսին եւ խնդրել մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Ալիեւի քայլերը: Ջենկինսի հետազոտության շրջանակում են ռազմա-քաղաքացիական հարաբերությունները, ահաբեկչությունը, անվտանգության հարցերը եւ քաղաքական իսլամը:

Ինչո՞ւ Սաֆարովը Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո ստացավ մայորի կոչում:

Չեմ կարծում, թե որեւէ կասկած կա, որ Սաֆարովին առաջ են քաշել եւ նույնիսկ բնակարան տրամադրել նրա համար, որ սպանել է հայի: Այս գործողությունը մի տեսակ խթան է ազգայնական բնույթի հետագա հանցագործությունների համար, ինչը իսկապես մտահոգության առիթ է տալիս:

Ի՞նչ եք կարծում նախագահ Ալիեւի այն պնդումների մասին, որ այս միջադեպը «աննախադեպ ծառայություն է ադրբեջանական ժողովրդին»:

Կարծում եմ, որ սկզբի համար անհրաժեշտ է հիշել հանցագործության մանրամասները: Սաֆարովը պնդում է, որ հրահրվել է իր զոհի կողմից: Սա կարող է ճիշտ լինել կամ ոչ: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչն է պատճառը, ոչ մի արդարացում չկա նրան, ով կացնով սպանել է մեկին: Հանցագործությունը տեղի չի ունեցել զինված հակամարտության շրջանակներում: Սաֆարովը եւ իր զոհը մասնակցում էին ՆԱՏՕ-ի դասընթացների: Ադրբեջանի նախագահի այն հավաստիացումները, թե անզեն մարդուն սպանելը «ծառայություն է ադրբեջանական ժողովրդին», իրենց բնույթով վիրավորանք է յուրաքանչյուր ադրբեջանցու հասցեին:

Ադրբեջանն ունի բոլոր հիմքերը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի պատճառով նեղված լինելու համար. ինչպես ադրբեջանական տարածքից բավական մեծ հատվածի օկուպացիան, այնպես էլ մեծ թվով մարդկանց տեղահանումները` տնտեսական եւ սոցիալական բնույթի խնդիրներից անմիջականորեն ծագած հետեւանքների հետ համատեղ:

Մյուս կողմից Ալիեւի գործողություններն իրենց ազդեցությունն ունեն երկրի ընկալման վրա` որպես ռասայական հանցագործությունները խրախուսող երկիր: Այս ամենը նաեւ շատ բացասական է ինչպես ադրբեջանական ժողովրդի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի համար նրանց պայքարի վրա: Չեմ կարծում, թե կասկած կա, որ կատարվածի հետեւանքով հայերը այսուհետ կվայելեն միջազգային համակրանք: Այս տեսանկյունից Ալիեւի գործողությունները վանող են ոչ միայն բարոյական տեսանկյունից, այլ նաեւ շատ լուրջ ռազմավարական սխալ են:

Հնարավո՞ր է արդյոք, որ այս միջադեպով Ադրբեջանը մտադրություն ունենա «մկաններ ցույց տալ» Հարավային Կովկասում:

Լարվածությունն առկա էր մինչեւ Սաֆարովի միջադեպը, եւ ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, այլ նաեւ Ադրբեջանի եւ Իրանի: Գազի եւ նավթի արտահանումից ստացված եկամուտները նշանակում են, որ Ադրբեջանի ռեսուրսները, եւ հետեւաբար զենք գնելու ծավալները գերազանցում են Հայաստանի հնարավորություններին: Սակայն ծրագրերը, այդ թվում Ադրբեջանից նոր բնական գազատարի կառուցումը, պահանջում են քաղաքական կայունություն, որպեսզի դրանք ավարտին հասցվեն: Ինչպես ժամանակն է ցույց տալիս, Արեւմուտքը հետաքրքրված չէ նավթի մատակարարման շրջաններում մարդու իրավունքներով: Սակայն շահագրգիռ է դառնում այնժամ, երբ իր մատակարարները ներքաշվում են պատերազմի մեջ:

Հայկական իշխանությունները զգուշացրեցին Ադրբեջանին վերահաս պատերազմի մասին, քանի որ լարվածությունը հիմնականում ընկնում է երկու երկրների վրա: Ի՞նչ կանի Ադրբեջանը հիմա: Կփորձի՞ խուսափել զինված հակամարտությունից, թե ավելի քան երկու տասնամյակ անց կներգրավվի պատերազմի մեջ:

Միշտ էլ հույս է եղել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարով, չնայած այն հանգամանքին, որ արդեն 20 տարի է շարունակվում է եւ ոչ մի գործնական առաջընթաց չի գրանցվել: Ալիեւի գործողությունները, անշուշտ, վատթարացնում են իրավիճակը, ավելին` նոր ենթատեքստ են ստեղծում զինված հակամարտության համար: Սակայն չի նշանակում, թե դա տեղի կունենա: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ միջազգային հանրությունը եւ հատկապես Ռուսաստանը, ուշադրություն կդարձնեն այս տարածաշրջանից եկող ազդանշաններին եւ կհասկանան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայնակ չի կարգավորվի: Եվ չի կարգավորվի մարդկային զոհերի արդյունքում: Պետք է լինի կարգավորում բանակցությունների միջոցով:

Ինչ ապագա կարող եք ակնկալել Հայաստանի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերություններում, հատկապես այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ:

Տեւական ազգամիջյան բնույթի լարվածությունը, ինչպիսին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ է, չի կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում: Տարիներ կանցնեն, նույնիսկ ամբողջական սերունդներ, մինչեւ համաձայնության հասնեն: Սկզբի համար, այն ինչ կարող ենք հուսալ, լարվածության թուլացումն է եւ խնդրի վիճելի մասերի լուծման շուրջ բանակցությունները: Դժվար է կարծել, բայց ավելի հեշտ է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, քան խրախուսել սերունդների հին նախապաշարումները եւ էթնիկ ատելությունը: Լարվածությունն աճում էր Սաֆարովի միջադեպից առաջ էլ, եւ այս դեպքը ոչինչ չարեց, բացի իրավիճակն ավելի խորացնելուց: Միակ հույսն այն է, որ այս դեպքը կմնա պատմության մեջ որպես տողատակի ծանոթագրություն, այլ ոչ թե որպես քայլ դեպի պատերազմ: Պատերազմը չի լուծի այս իրավիճակը, այլ կհետաձգի լուծումը:

Տպել
Ամենաշատ