News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ շուրջ 30 սիրիահայերի մասնակցությամբ: Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման նպատակը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հասարակական կազմակերպություն հիմնելու գաղափարի քննարկումն էր:

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն իր խոսքում մասնավորապես ասաց, որ Հայաստանում է գտնվում ավելի քան 4000 սիրիահայ, որոնք ունեն բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ: Նախարարություն դիմած մարդկանց լսելով՝ կարելի է եզրակացնել, որ արդեն հրատապ են դառնում սոցիալ-տնտեսական խնդիրները:

Նախարարի հավաստմամբ` անհրաժեշտություն է առաջանում հասարակական կազմակերպության հիմնումը, որը կհամակարգի, կվերլուծի եւ ՀՀ սփյուռքի նախարարությանը կներկայացնի  առկա բոլոր խնդիրները: Կկազմակերպի կարիքավորներին նյութական աջակցություն ցուցաբերելու գործընթացը:

ՀՀ սփյուռքի նախարարությունն ամիսներ շարունակ բարձր արդյունավետությամբ զբաղվել է սիրիահայերին վերաբերող հիմնահարցերով` նախաձեռնելով օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք միտված են հեշտացնել սիրիահայերի կեցությունը Հայաստանում:

«Սա չի նշանակում, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը դադարելու է զբաղվել սիրիահայերի հիմնախնդիրներով, կամ թուլացնելու է զգոնությունը,- վստահեցրեց նախարարը,-  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մեր հայրենակիցներին առնչվող հարցերը սփյուռքի նախարարության, ինչպես նաեւ ողջ կառավարության առաջնահերթ ուշադրության եւ հոգածության ոլորտում են»:

ՀՀ սփյուռքի նախարարի հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարությունում սկսվեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության գրանցման գործընթացը: Նախարարը տեղեկացրեց, որ արդեն իսկ պայմանավորվածություն կա Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի հետ, որի համաձայն հասարակական կազմակերպությունը կգործի ՀԲԸՄ տրամադրած տարածքում եւ կվճարվի  աշխատակիցներից երկուսի աշխատավարձը:

Խորհրդակցության ավարտին` ներկա սիրիահայերը շնորհակալութոյւն հայտնեցին նախարարին՝ մշտական աջակցության, հոգատարության համար եւ խնդրեցին երախտիքի իրենց խոսքը փոխանցել ՀՀ նախագահին` սիրիահայերի խնդիրների լուծմանը առանձնահատուկ հոգածություն ցուցաբերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ