News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը աշխատանքի կազմակերպումն ավելի համակարգված դարձնելու համար ընկերությունում ավտոմատացված ծրագիր է ներդնում։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «ՀԷՑ» մամուլի ծառայությունից, մենեջմենթի կատարելագործման համար ERP (Enterprise Resource Planning System – ընկերության ռեսուրսների պլանավորում) ծրագիրը մշակում է Microsoft ընկերությունը։ «Էներգիայի արտադրության ճյուղի համար այս նախագծի առանձնահատկությունը պայմանավորված է մի քանի գործառույթներով։ ERP-ի ներդնումը թույլ կտա մեր ընկերությանը բարձրացնել գործունեության արդյունավետությունը, հիմնվելով ճշգրիտ եւ արդիական տվյալների վրա՝ ընդունել հավասարակշռված կառավարչական որոշումներ, պլանավորել եւ մոդելավորել ընկերության զարգացման տարբեր հնարավոր ծրագրեր, արագ եւ էֆեկտիվ որոշել ֆինանսական հոսքերի կառավարման օպերատիվ հարցերը, վերլուծել ծախսերն ու վերահսկել շեղումները, իրական ծախսերը, եկամուտներն ու շահույթը։ Նման ծրագրի իրականացումը Հայաստանի տարածքում առաջին անգամ է տեղի ունենում, եւ դրա հաջող իրականացման դեպքում այն կդառնա շատ լավ ազդակ մեր գործընկեր-արտադրողների համար։

Համաշխարհային հեղինակություն վայելող Microsoft ընկերության կողմից ՀԷՑ-ում ERP ծրագրի ներդրումն ու հետագայում սպասարկումը, դա Հայաստանում եւ արտասահմանում գործընկերների համար ընկերության զարգացման եւս մեկ ցուցանիշ է»,-ասել է ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը։

Նշենք, որ էներգետիկ համակարգի արտադրական ֆոնդերը գործարկվել են նախորդ դարի 60-70-ական թվականներին, եւ արդեն ֆիզիկապես հնացել եւ մաշվել են։ Էներգիայի արտադրության անընդհատությունը նույնպես պահանջում է սարքավորումների հուսալի եւ անխափան աշխատանք։ Այս հանգամանքները վկայում են, որ ՀԷՑ-ի համար սարքավորումների, տեխսպասարկման եւ վերանորոգման կառավարումը՝ առանձակի կարեւորության խնդիր է։

«Էներգետիկայում ավանդաբար օգտագործվել է պլանային-նախազգուշական վերանորոգման համակարգը, այսինքն՝ սարքավորումների վերանորոգման եւ փոփոխման սպասարկումն իրականացվում էր նորմատիվ ժամկետներում։ Այս մեթոդը արտադրական ֆոնդերի բարձր պատրաստվածություն է ապահովում, սակայն տնտեսական առումով շատ անարդյունավետ է. երբեմն սարքավորումները փոխարինվում են աշխատունակության ավարտի ժամկետից շուտ»,- ասել է ՀԷՑ գլխավոր ինժեներ Ռազմիկ Խաչատրյանը՝ ավելացնելով, որ ERP-ի ներդրումից հետո հնարավոր կլինի անցում կատարել սարքավորումների վերանորոգման եւ փոխարինման՝ ըստ մաշվածության վիճակի սպասարկման մեթոդին։ Այս դեպքում կնվազեն փոխարինման եւ վերանորոգման ծախսերը։

Ռեսուրսների պլանավորման համակարգի դրական կողմերից մեկը նաեւ այն է, որ հնարավորություն է ստեղծվում ռացիոնալ կառավարել նաեւ պահեստամասերի պահուստները։ Էներգետիկ ընկերությունների պահեստներում հաճախ պահեստամասերի ավելցուկ է կուտակվում, ինչը բնականաբար սառեցնում է շրջանառու միջոցները, կամ ստեղծվում է հակառակ իրավիճակը, երբ պահեստում պահեստամասեր չկան։ «Ոչ ռացիոնալ պլանավորման դեպքում հնարավոր են իրավիճակներ, երբ պահեստներում բացակայում է անհրաժեշտ պահեստամասերը, ինչն առաջացնում է պահեստամասի արագ ձեռքբերման անհրաժեշտություն, հաճախ ոչ հարմար գներով, բացի դրանից ժամանակ է անցնում, իսկ աշխատանքը չի իրականացվում։ Նման դեպքերից խուսաձելու լավագույն միջոցներից է ավտոմատացված համակարգի ներդրումը»,- ասել ՀԷՑ-ի կապիտալ շինարարության գծով փոխտնօրեն Ալեքսանդր Բելյաեւը։

Նշենք, որ տարբեր հաշվարկներով ERP համակարգի ներդրումից հետո հանարավորություն է ստեղծվում կրճատել ավելորդ պահեստամասերի պահուստները 10–20 տոկոս, իսկ պահեստամասերի պակասորդի եւ դրանց սպասելու ժամանակատվածը մինչեւ 30 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ