News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Արաքս գետի վրա՝ հայ-իրանական համագործակցությամբ երկու հիդրոէլեկտրոկայան կկառուցվի՝ Մեղրիի եւ Ղարաչիկարի ՀէԿ-երը։  Այսօր՝ նոյեմբերի 8-ին, հայկական կողմում տեղի ունեցավ Մեղրիի ՀէԿ-ի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի էներգետիկայի նախարար Մեջիդ Նամջունն ու Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ 

Իր ելույթում Մովսիսյանը նշեց, որ Մեղրիի ՀէԿ-ի կառուցման վերաբերյալ հարցերը հստակեցվել են մի քանի օր առաջ՝ հայ- իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստում, որտեղ որոշվել են առաջիկա մեկ տարվա անելիքները։ Սակայն ՀէԿ-երի կառուցման վերաբերյալ համաձայնությունները ձեռք են բերվել ավելի վաղ՝  2007 եւ 2008թթ. միջկառավարական երկու համաձայնագիր է ստորագրվել, որոնք վավերացրել են երկու երկրների խորհրդարանները:

«Ձեռք բերված պայմանավորվածությունների եւ հստակեցված օրակարգի համաձայն՝ այսօր տեղի է ունենում հիմնարկեքը, իսկ առաջիկայում կսկսվի շինարարությունը:

Մեղրիի ՀէԿ-ն ունենալու է 130 մգվտ հզորություն եւ տարեկան արտադրելու է մոտ 800 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Կառուցվելու է 18 200 մ երկարությամբ թունել՝ Ծիրանիձոր տեղամասից մինչեւ հայ- իրանական սահմանային տեղամաս, որը գտնվում է նախկին երկաթուղու թունելի մոտ»,-ասաց նա:

Գլխադասային ձեռնարկության մոտակա բնակավայրը Տարվանք գյուղն է, մոտակայքում են նաեւ Շվանիձոր, Երասխավան գյուղերը:

ՀԷԿ-ի վայրում կառուցվելու է 65 մեգավատ հզորությամբ 2 հիդրո ուդվիներ եւ տեղադրվելու են նոր սարքավորումներ: Ըստ Արմեն Մովսիսյանի՝ դա կնպաստի մարզային տնտեսության զարգացմանը եւ երկու երկրների տնտեսությունների արդյունավետ համագործակցության: Ա. Մովսիսյանը նաեւ հստակեցրեց, որ Մեղրիի ՀԷԿ-ը կառուցվում է  բնապահպանական միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան: Իրանական կողմից ներդրող է հանդիսանում «Թավան Աբ Արազ» ընկերությունը, որի հետ պայմանագիր է կնքված: Ըստ այդ պայամանագրի՝ Իրանական  ընկերությունն ինքնուրույն է լուծելու Մեղրիի ՀէԿ-ի կառուցման եւ շահագործման հետ կապված բոլոր ֆինասական  եւ կազմակերպչական հարցերը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից 15 տարի անց ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին: Ընդ որում, համատեղ փորձարկումներով պետք է հիմնավորվի, որ փոխանցման պահին ՀԷԿ-ի էլեկտրամեխանիկական եւ հիդրոմեխանիկական սարքավորումները շահագործման 10 տարվա ռեսուրս ունեն, իսկ թունելը եւ ինժեներական կառույցներն՝ առնվազն 30 տարվա ռեսուրս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ ՀԷԿ-ի շինարարության դեպքում ներգրավվի տեղական աշխատուժ:

Իրանի էներգետիկայի նախարար Մեջիդ Նամջունը նախ փառք տվեց Աստծուն, որ հնարավորություն տրվեց իրականացնել ՀԷԿ-ի արարողությունը: «Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այս արարողությանը մասնակցելու համար: Հայաստանը ունի հատուկ դիրք եւ տեղ Իրանի արտաքին հարաբերություններում, հաշվի առնելով մեր մշակության առանձնահատկություններ եւ երկու երկրների ղեկավարների կապն ու համագործակցությունը»,- ասաց նախարարը:

Իրանի էներգետիկայի նախարարը ներկայացրեց մի զեկույց , որում տեղեկատվություն կար իր երկրի էներգետիկ քաղաքականության վերաբերյալ. «Իրանը շատ է կարեւորում ջրի դիվանագիտությունը: Աշխարհի բնակչության 40 տոկոսն ապրում է այնպիսի շրջաններում, որ գետերը հոսում են տարբեր երկրների սահմանագծերով: Ջուրն Իրանի ժողովրդների համար եղել է կապող օղակ եւ Իրանի կառավարությունը հիդրոէներգետիկայի ոլորտում պատրաստակամ է հաշվի առնելու Հայաստանի  ցանկացած առաջարկություն համագործակցության առումով»:

Նրա խոսքով, Իրանը տարեկան արտադրում է 1000  գիգաբայտ հիդրոէներգետիկա, որը երկրի ընդհանուր էներգետիկայաի 10 տոկոսն է, սակայն իրենք նպատակ ունեն հիդրոէներգետիակայի արտադրությունը հասցնել 40 հազար կիլովատի եւ անցնել այլընտրանքային այլ աղբյուրների: Նախարարը նաեւ ասաց, որ Իրանն աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում ջրամբարների կառուցման ոլորտում: Նա նաեւ նշեց,որ շինհրապարակի ստեղծումը, սարքավորումների մատակարարումը եւ նախագծային աշխատանքները կմեկնարկեն հենց այսօրվանից:

Նշենք, որ հիմնարկեքի արարողությունից հետո Սերժ Սարգսյանն ու Իրանի էներգետիկայի նախարար Մեջիդ Նամջունը մոտ կես ժամանոց  առանձնազրույց են ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news