News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը Եվրամիության  շատ կարեւոր գործընկեր է։  Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին Երեւանում Հայաստանի նախագահի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։

Նշելով Հայաստանի պատմական եւ մշակութային հարուստ ժառանգությունը՝ Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է նրա դերը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։

«Միաժամանակ, Հայաստանը հայացքը սեւեռել է դեպի լուսավոր ապագա», - նշել է Ժոզե Մանուել Բարոզուն։ Այս համատեքստում նա հիշեցրել է ընթացիկ տարվա մարտին Հայաստանի նախագահի արդյունավետ այցը Բրյուսել։  «Հայաստանը Եվրամիության  շատ կարեւոր գործընկեր է ինչպես երկկողմանի ձեւաչափով, այնպես էլ «Արեւելյան գործընկերության» շրջանակում», - ընդգծել է  Եվրահանձնաժողովի նախագահը։ Բարոզուն գոհունակությամբ հաստատել է Ասոցացման համաձայնագրի եւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առաջընթացը եւ հույս հայտնել, որ երկու փաստաթղթերը պատրաստ կլինեն նախքան հաջորդ տարեվերջին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը։ Նա նաեւ հիշեցրել է վիզային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման մասին համաձայնագրերի նախաստորագրումը։ Բարոզուի խոսքով՝ առաջին փաստաթուղթը կստորագրվի արդեն մայիսին, այնուհետեւ՝ երկրորդը։

Ժոզե Մանուել Բարոզուն դրական է արտահայտվել Հայաստանի բարեփոխումների մասին։ Հիշեցնելով, որ այս տարի ԵՄ-ն ավելացրել է ֆինանսավորումը, Բարոզուն նշել է, որ որոշ բնագավառներում աջակցությունը ոչ թե ֆինանսական, այլ խորհրդատվական բնույթի է եղել։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն գիտի եւ գնահատում է բարեփոխումներին ուղղված ջանքերը, բայց նաեւ տեղյակ է դրա ճանապարհին առկա մարտահրավերների մասին ու իր հերթին պատրաստ է օգնել դրանց հաղթահարմանը։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ