News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԲՀԿ  խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստ:

ԲՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձեւաչափը  2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում:

Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության եւ աջակցության համար:

Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.

1.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն  չի առաջադրելու սեփական թեկնածու:

2.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին:

Այսպիսով, Հայաստանում նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգը մարեց:  Մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ չի ցանկանում հաղթող Հայաստանի Հանրապետական կուսակցության  (Առաջնորդն է գործող նախագահ Սերժ Սարգսյանը) հետ նոր կոալիցիա կազմել եւ որ նախագահական ընտրություններում իր թեկնածուն է առաջադրելու:

 Ողջ ամառվա ընթացքում նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձեւաչափի վերաբերյալ հարցերին հերթապահ պատասխան էր տրվում, իսկ այդ մասնակցության «պաշտոնական մեկնարկը», կարելի է ասել, հոկտեմբերի 8-ի իր հարցազրույցում ազդարարեց ԲՀԿ-ի նորաթուխ անդամ Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ կուսակցությունը պետք է սեփական թեկնածուին առաջադրի, եւ այդ թեկնածուն առաջին հերթին պետք է լինի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»:

Դրանից հետո Ծառուկյանի մասնակցության թեման մշտապես շրջանառվում էր, մանավանդ որ  ԲՀԿ  շատ անդամներ, այդ թվում՝  խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը «անձնական կարծիքների մակարդակով» հայտարարել էին, որ Գագիկ Ծառուկյանը պետք է առաջադրի իր թեկնածությունը:  Հատկանշական է, որ այդ բոլոր հայտարարությունները հնչել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը) միջեւ խորհրդակցությունների  ֆոնին, որի որոշ անդամներ անգամ հայտարարել էին Ծառուկյանին որպես միասնական թեկնածու առաջադրելու հնարավորության  մասին: Ինտրիգը սրացնում էին  նաեւ ԲՀԿ առաջնորդի մի որոշ կողմնակիցները, որոնք մշտապես ձգձգում էին նախագահական ընտրությունների վերաբերյալ որոշումը:

Ծառուկյանի առաջադրման բեկումնային պահը հասավ դեկտեմբերի սկզբին՝ կուսակցության պատվիրակության Բրյուսել կատարած այցից հետո: Եւ դեկտեմբերի 12-ին «Բարգավաճ Հայաստանը» կատարեց իր ընտրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ