News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողներն այսուհետ ավելի շատ հնարավորություններ կունենան բարելավելու իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի եւ հայաստանյան գործունեության մասին՝ ՀՊՏՀ-ի եւ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) միջեւ այսօր ստորագրված Համագործակցության ծրագրի իրագործման արդյունքում:

Համալսարանի գրադարանում ՄԱԿ-ի անկյունի բացումը առաջինն էր Համագործակցության ծրագրով նախատեսված գործողություններից: ՄԱԿ-ի օրերի հիշատակումը, իրազեկման դասախոսությունները եւ քննարկումները, ուսումնական պրակտիկաների հնարավորությունները համալսարանի ուսանողների համար ծրագրով նախատեսված համատեղ միջոցառումներից մի քանիսն են, որոնք կնպաստեն ՄԱԿ-ի արժեքների տարածմանը:

ՄԱԿ-ի անկյունին տրամադրված ՄԱԿ-ի հրատարակությունները կծառայեն երիտասարդներին ՄԱԿ-ի աշխատանքների վերաբերյալ իրազեկելու գործին: Համալսարանը ՄԱԿ-ի անկյունը կօգտագործի նաեւ ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական եւ այլ միջոցառումներ կազմակերպելիս:

Լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված է Հազարմայակի զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների 1000 օրվան, համալսարանի ուսանողներին եւ անձնակազմին կներկայացնի ՄԱԿ-ի քսանամյա գործունեությունը Հայաստանում:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Երիտասարդների կարողությունների եւ հնարավորությունների ընդլայնումը ՄԱԿ-ի ուշադրության առանցքում է, քանի որ երիտասարդները ցանկացած հասարակության շարժիչ ուժն են: Ուսանողները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներից են եւ մեր վստահելի գործընկերները ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության եւ անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջմղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել նրանց իրենց գիտելիքների հետագա բարելավման եւ ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»:

«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՄԱԿ-ի հետ: Մեր համատեղ գործողություններն ուսանողներին հնարավորություն կտան ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում եւ դառնալու իրենց երկրի իրազեկ եւ ակտիվ քաղաքացիներ»,- ասաց ՀՊՏՀ գիտության եւ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

2012 թվականի ընթացքում երկկողմ համագործակցության ծրագրեր են ստորագրվել ՄԱԿ ՀՏՎ-ի եւ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ: Սլավոնական, Մանկավարժական եւ Ագրարային համալսարաններում բացվել են նաեւ ՄԱԿ-ի անկյուններ, իսկ ԵՊՀ-ն հյուրընկալում է Հայաստանում ՄԱԿ-ի երկու ավանդապահ (դեպոզիտար) համալսարաններից մեկը:  

ՄԱԿ ՀՏՎ-ն ՄԱԿ-ի հանրային խոսափողն է, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համակարգի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը: 1946-ից ի վեր ՄԱԿ ՀՏՎ-ն օգտագործում է տպագիր, էլեկտրոնային ու հաղորդակցության նոր միջոցները` նպաստելով ՄԱԿ-ի գործունեության եւ վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ