News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 22-ին, Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը, որին մասնակցում էր շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Այսօր տոն է հայրենիքում,  աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ երիտասարդները հավաքվել են քննարկելու համազգային կարեւորության խնդիրներ եւ փորձելու են նոր ուղիներ առաջարկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու հետեւանքների վերացման, Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի եւ մշակույթի պահպանման խնդիրների լուծման գործում:  Հայերենն է լինելու աշխարհի տարբեր ծայրերում հայի տեսակը պահպանելու մեր զենքը: Խորհրդանշական է, որ համաժողովն անցկացվում է Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին: Վաղը ձեր ջահերով երթը պետք է լինի ուխտ՝ հայերենը պահպանելու, ձեր ազգային ոգին ու ինքնությունը պահպանելու զորավոր ուխտ»:

Այնուհետեւ Հ. Հակոբյանն ընթերցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին, որով նա կոչ էր անում հայ երիտասարդներին՝ համաշխարհնայցման գործընթացներում 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու համար պահպանել ազգային ինքնությունը, որի կարեւոր առհավատչյան մայրենի լեզվով հաղորդակցվելն է:

Համաժողովի մասնակիցներին իր հայրապետական օրհնանքն էր հղել Գարեգին Բ Կաթողիկոսը: Մաղթելով համաժողովին արգասաբեր ընթացք՝ նա կոչ է արել երիտասարդներին ունենալ պայծառ հավատ, քաջարթուն միտք՝ իրենց նպատակները կյանքի կոչելու համար:

Այնուհետեւ ընթերցվել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը, որում կարեւորվում էր համահայկական երիտասարդական համաժողովի անցկացումը՝ որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը, փոխգործակցությանն ուղղված կարեւոր քայլերից մեկը:

Համաժողովի մասնակիցներին իր ուղերձն էր հղել Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որում նշվում է, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ իրենց կառույցի համագործակցության գլխավոր ուղղությունը հայապահպանության ոլորտն է, որի վառ վկայությունն է համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը տարբեր անվանակարգերում:

Համաժողովի լիագումար նիստը շարունակվում է:

Ապրիլի 23-ին համաժողովը կշարունակի իր աշխատանքները: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սրահներում կկայանան թեմատիկ քննարկումներ հետեւյալ երեք ուղղություններով՝ «Երիտասրդության հիմնախնդիրները», «Լեզվամշակութային հիմնախնդիրներ» եւ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ