News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 20-21-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղում տեղի է ունեցել «Ճարտարագիտական կրթություն. ընդհանուր եւ տարածաշրջանային հիմնախնդիրներ եւ լուծումներ» երկօրյա գիտաժողովը՝ նվիրված ՀՊՃՀ հիմնադրման 80-ամյակին:

ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է, որ ներկայումս բարձրագույն մասնագիտական կրթությունը նոր փուլ է թեւակոխում, եւ Հայաստանը գնում է գիտահենք տնտեսության կառուցման ճանապարհով:  «Նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությունը չի կարող գործել առանց ճարտարագիտական կրթության, քանի որ ճարտարագիտական կրթությունն է նորարարական տնտեսական զարգացման կարեւոր բաղադրիչը եւ շարժիչ ուժը»,-ասել է ՀՊՃՀ ռեկտորը:

Կապանի մասնաճյուղի տնօրեն, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի խոսքով` նման գիտական ներկայացուցչական կազմով միջոցառում երբեւէ չի անցկացվել մասնաճյուղում: Նրա բնորոշմամբ` ներկայումս ճարտարագիտական կրթության առջեւ լուրջ մարտահրավերներ կան, եւ ճարտարագետ-մասնագետներ պատրաստելու խնդիրը ոչ միայն հրատապ է Երեւանում, այլեւ տարածաշրջանային մասնաճյուղերում: «Կապանի մասնաճյուղում, ինչպես մյուս տեխնիկական հաստատություններում, լաբորատոր հագեցվածության, որակյալ կրթության անդադար կատարելագործման խնդիր կա: Սրընթաց տեմպերով զարգացող տեխնոլոգիաները բարձրագույն ճարտարագիտական կրթություն մատուցող հաստատություններին ստիպում են կանգ չառնել ձեռք բերածի վրա: Եվ այս գիտաժողովը, որին մասնակցեցին ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, մասնաճյուղի դասախոսներ եւ ուսանողներ, ինչպես նաեւ` արտադրության կազմակերպիչներ, միտված էր կրթության կազմակերպման նոր ուղիների որոնմանը, առկա մասնագիտությունների բովանդակային եւ մեթոդական բաղադրիչների վերանայմանը, տարածաշրջանային հարցերի քննարկմանը եւ այլն»,-ընդգծել է Լ. Պետրոսյանը:

Երկու օրերի ընթացքում քննարկվել են ճարտարագիտական կրթության արդի վիճակը, մարտահրավերներն ու հիմնախնդիրները, «մաթեմատիկա» եւ «ֆիզիկա» գիտությունների դրվածքը ճարտարագիտական բուհում, ճարտարագիտական հետազոտությունների կազմակերպման մեխանիզմներն ու աշխատանքները ՀՊՃՀ մասնաճյուղերում, հանքարդյունաբերական տնտեսության խնդիրները եւ դրանում Կապանի մասնաճյուղի` որպես ոլորտին կադրերով «սնող» հաստատության դերակատարումը, ինչպես նաեւ «բուհ-արդյունաբերություն» համագործակցության ձեւաչափը` կրթություն-աշխատաշուկա համագործակցության համատեքստում:

Գիտաժողովի արդյունքներն ամփոփելիս` հնչեցված բոլոր առաջարկների վերաբերյալ կազմկոմիտեի կողմից ՀՊՃՀ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ, որոնք, բուհի ռեկտորատի ու գիտական խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, կներդրվեն ճարտարագիտական համալսարանի կրթական գործընթացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ