News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մայիսի 22-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի կազմակերպչական առաջին նիստը, որը վարել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Հանձնախմբի առաջին նիստին մասնակցել են ՌԴ մարզերում ՀՀ գլխավոր հյուպատոսները, ռուսաստանյան պետական եւ հասարակական ոլորտի անվանի գործիչներ, ՌԴ-ում հայ համայնքային կառույցների ղեկավարներ եւ ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նիստի բացմանն իր երախտիքի խոսքն է հղել հանձնախմբի բոլոր անդամներին:

«Նախատեսվելիք միջոցառումների հավուր պատշաճի իրականացման կարեւորությունը թելադրված է մարդկության պատմության ամենասարսափելի ոճրագործություններից մեկի` Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի արդյունավետ շարունակման առաջնահերթությամբ», - ընդգծել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը: Օլեգ Եսայանը նաեւ վստահություն է հայտնել, որ համառուսաստանյան հանձնախմբի աշխատանքները կընթանան ՀՀ նախագահի գլխավորությամբ ստեղծված համահայկական հանձնաժողովի աշխատանքներին համահունչ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համահայկական հանձնաժողովի քարտուղար, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն  Հայկ Դեմոյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է համահայկական հանձնաժողովի գործունեության առանցքային ուղղությունները, ինչպես նաեւ անդրադարձավ Մեծ Եղեռնի  միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին:

Ելույթներով եւ նախատեսվելիք միջոցառումների կազմակերպման առաջարկներով հանդես են եկել նաեւ հանձնախմբում ընդգրկված անդամներից` ՌԴ Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, Սեւծովյան եւ կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վ. Զախարովը, Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Գ.Տեր-Ղազարյանցը, «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յու.Նավոյանը եւ այլք:

Նիստի ավարտին հաստատվել է հանձնախմբի կազմը, ինչպես նաեւ աշխատանքային խմբի կազմն ու միջոցառումների ծրագրման եւ իրականացման կարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ