News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է իսպանացի նշանավոր գրող Գոնսալես Գուարչին, որին ուղեկցել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ողջունելով իսպանացի մտավորականի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Գարեգին Բ-ն իր բարեմաղթանքն ու օրհնությունն է բերեց նրան եւ հանդիպմանը ներկա ընտանիքի անդամներին:

Գոնսալես Գուարչան իր հերթին շնորհակալություն է հայտնել Գարեգին Բ-ին ջերմ ընդունելության համար եւ նրան փոխանցել Հայոց ցեղասպանությանը նվիրված իր «Հայկական կտակ», «Սպիտակ լեռ» եւ «Հայոց ծառը» ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները:

Զրոյցի ընթացքում Գարեգին Բ-ն գնահատանքով անդրադարձել է Գոնսալես Գուարչի ստեղծագործություններին` նշելով, որ գրողի ազնիվ զգացումներն արտահայտող ստեղծագործությունները մարդասիրական այն փաղանգի շարունակությունն են, որոնք իրենց ձայնն են բարձրացրել  Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար:

Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել Գոնսալես Գուարչին հայ ժողովրդին եւ առհասարակ համայն մարդկությանը բերած ծառայությունների համար` մասնավորապես շեշտելով, որ իսպանացի գրողի պես անձանց ջանքերի շնորհիվ Հայոց ցեղասպանությունը պիտի ճանաչվի ու դատապարտվի բոլոր ժողովուրդների ու պետությունների կողմից:

Տպել
Ամենաշատ