News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի փոխել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հանելու մտադրությունը:

«Ես իմ կարծիքն ասել եմ հանրությանը, որ ես վերանայելու եմ պատվիրակության կազմը և դա անելու եմ», - NEWS.am-ի թղթակցին ասել է Հովիկ Աբրահամյանը, որը հոկտեմբերի 12-ին՝ «Երեւան-Էրեբունի» տոնին, Հյուսիսային պողոտա էր եկել թոռների հետ:

Լրագրողի այն դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանի խոսքով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովում իրեն տեղեկացրել են, որ Հովիկ Աբրահամյանն իրավասու չէ փոփոխություններ կատարել հայկական պատվիրակության կազմում, որովհետև պատվիրակության կազմն արդեն հաստատված է, ԱԺ նախագահը պատասխանեց. «ԵԽԽՎ-ն ի՞նչ կապ ունի: Մենք ենք ձևավորում. Ազգային ժողովի նախագահը, խորհրդակցելով խմբակցության ղեկավարների հետ, ձևավորում է պատվիրակությունների կազմը»:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ինքը «խորհրդակցել է խմբակցության ղեկավարների հետ և որոշում կայացնելու է ապագայում»:

Հարցին, թե ով է փոխարինելու Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակությունում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Դեռ մենք դա չենք որոշել, կորոշենք, տեղյակ կպահենք ձեզ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Զարուհի Փոստանջյանին հանելու է ԵԽԽՎ պատվիրակության կազմից՝ հղում անելով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ, նաեւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի ենթակետը:

ԵԽԽՎ լիագումար նիստում հոկտեմբերի 2-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը նրան հետեւյալ հարցն էր տվել. «Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության, հայ ժողովրդի քվեի գողության հետեւանքով: Ուստի Դուք դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը: Ես Ձեզ այլ հարց կտամ: Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք եւ այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո եւ ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ գումարը»:

Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես ազարտային խաղեր չեմ խաղում եւ չեմ եղել եվրոպական կազինոներում: Ես հնարավորություն չունեմ տնօրինել 70 մլն եվրո: Եթե ես այդքան գումար ունենայի, դրա մի մասը ձեզ կնվիրեի, որ գոհ լինեիք կյանքից եւ այդպիսի չարություն Ձեր մեջ չկուտակվեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ