News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրային խորհրդի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման դեմ որոշում ընդունելուց երեք օր հետո, ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի բանավոր հրամանով, առանց որեւէ իրավական հիմքերի կասեցվել է Երեւանի կենտրոն վարչական շրջանում՝ Վերին անտառային փողոցում, ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի եւ շինարարության թույլտվությամբ իրականացվող «Արթուր Թարխանյանի անվան թանգարանի եւ մշակութային կենտրոնի» կառուցումը։

Այս առնչությամբ, Անահիտ Թարխանյանը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, որտեղ ասվում է.

«Հարգելի պարոն Հակոբյան,

ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը ակնհայտորեն խախտել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջները։ Մասնավորապես, պետական պահպանության իրականացման ժամանակ չի ղեկավարվել օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության, անընդհատության, քաղաքական անկախության, կենտրոնացված ղեկավարման, գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով։

Ինձ եւ մայրիկիս՝ Զարեմա Գուբիյեվային սեփականության իրավունքով պատկանող հողամասում «Արթուր Թարխանյանի անվան թանգարան եւ մշակութային կենտրոն» կառուցելու նպատակով սույն թվականի մայիսի 29-ին ստացել եմ Երեւանի քաղաքապետից N01/8-08/1 – Հ-3420 ճարտարապետա-հատակագծային առաջադրանք։ Առաջադրանքի պայմաններին համապատասխան մշակել եմ մեկ հարկանի հասարակական շենքի ճարտարապետական նախագիծ, որը օրենքով սահմանված կարգով համաձայնեցրել եմ Երեւանի քաղաքապետի հետ եւ ս․թ․ հունիսի 24-ին ստացել եմ N01/18թ-836-585 շինարարական թույլտվություն։ Կառուցվող թանգարանը գտնվում է ՀՀ Նախագահի նստավայրի հարակից տարածքի 3-րդ գոտում, որտեղ համաձայն գործող կարգի թույլատրված է մինչեւ հինգ հարկանի անարգել կառուցապատում։

Հուլիս ամսից սկսած իրականացնում եմ շինարարություն, որի ավարտը նախատեսել եմ դեկտեմբեր ամսին։ Սույն թվականի նոյեմբերի 15-ին, ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի բանավոր հրամանի հիման վրա ծառայության աշխատակիցները պահանջեցին կասեցնել շինարարությունը։

Իմ պահանջը՝ ներկայացնել վերոհիշյալ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ ենթակետով նախատեսված գրավոր միջնորդությունը, ծառայության պաշտոնատար անձանց կողմից մերժվեց։ Փոխարենը ես լսեցի սպառնալիքներ, որ բանավոր հրամանի չենթարկվելու դեպքում ԱԱԾ ծառայողները կկիրառեն ուժ՝ շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց նկատմամբ։

Բացառվում է, որ 4.5 ամսվա ընթացքում ԱԱԾ աշխատակիցները չէին նկատել ՀՀ Նախագահի նստավայրից 100 մետր հեռավորության վրա իրականացվող շինարարությունը։ Ակնհայտ է, որ ԱԱԾ աշխատակիցների գործողությունները կրում են միտումնավոր բնույթ, կապ չունեն պահպանվող օբյեկտի անվտանգության հետ եւ պարզապես ուղղված են շինարարությունը խոչնդոտելուն։

Գտնում եմ, որ նշված գործողությունները անօրինական են եւ ոտնահարում են իմ սահմանադրությամբ պաշտպանված գույքային իրավունքները։ Ուստի ղեկավարվելով վերոհիշյալ օրենքի 17-րդ հոդվածի պահանջներով, խնդրում եմ քննարկել սույն վարչական բողոքը եւ միջոցներ ձեռնարկել իմ իրավունքերի վերականգնման համար։

Հարգանքներով՝

Անահիտ Թարխանյան, ճարտարապետ,

ՀՀ ճարտարապետների միության վարչության անդամ»:

Տպել
Ամենաշատ