79-ամյա միայնակ թոշակառու Պայծառ Մակարյանը կառավարությունից խնդրում է, որ էլեկտրականություն անցկացնեն Հարավ-Արևմտյան թաղամասի իր տնակում: Այս մասին NEWS.am-ին այսօր` դեկտեմբերի 12-ին, ասաց կառավարության շենքի մոտ ասաց Պայծառ Մակարյանը։
«Դոմիկի մեջ, հոսանք չունեմ, մոմի տակ եմ, փող չունեմ, որ մոմ առնեմ, ոչ մի բան չունեմ, միայնակ թոշակառու եմ», - ասաց տիկին Պայծառը՝ նշելով, որ ինքը ստանում է 24 հազար դրամ թոշակ և 16 հազար դրամ նպաստ:
Պայծառ Մակարյանը ինքն էլ չգիտեր, թե ում է դիմելու իր խնդրին լուծում տալու համար. «65 հազար դրամ փող են ուզում հոսանք քաշելու համար, որտեղի՞ց տամ»:
«Մեր գործկոմը ցախ ա տվել, ջարդում եմ, վառում եմ»,- ասաց Պայծառ Մակարյանը՝ նշելով, որ ցախը վերջանալուց հետո աղբանոցներից քրջեր կհավաքի ու կվառի:
Տարեց կինը պատմեց, որ 30 տարի ապրել է «քոլիկում» և 2 ամիս է՝ ինչ բարեգործական ծրագրով իրեն տնակ են տվել՝ առանց էլեկտրականության։ Պայծառ Մակարյանը այդպես էլ ոչ ոքի չհանդիպեց կառավարության մոտ և ձեռնունայն վերադարձավ տուն:











