News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է  «Հայաստանը Արիանայի աչքերով» նախագիծը. Արիանա Կաոիլին պատմում է Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելությունների, երկրում ապրելու եւ աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձի ու տպավորությունների մասին։

Եկեք խոսենք սիրո մասին. Արիանա Կաոիլի

Ասում են՝ տղամարդու սիրտը տանող ուղին ստամոքսով է անցնում: Սակայն հայ տղամարդու սիրտը տանող ուղին անցնում է նրա անցյալով եւ ապագայով: Նվազագույնը՝ դուք պետք է նրա հետ ապագա ընտանիք կազմելու անհագ ցանկություն ունենաք, գնահատեք հին ժամանակներում նրա երկրի դերակատարությունը եւ հին, բարի ժամանակների զարթոնքը, պայքարը, նվաճումները, ողբերգությունը, ինչպես նաեւ մշակութային փայլուն սխրանքները:

Ինչպես է հայն ու Հայաստանը արտասահմանցուն հրապուրում Ուրարտուի խորհրդավոր եւ արյամբ ներծծված հողով: Ես համակերպված կառաջարկեի հայելային պատասխան. հիասքանչ, արտասովոր անցյալով  եւ լուսավոր ապագային միտված հույսի արտացոլմամբ

Սա զբոսաշրջության եւ հայրենադարձության նկատմամբ կառավարության մոտեցումների հետ կապված բազմաթիվ հարցեր է ծնում :

Նախորդ ամռանը քույրս` Ռեյչելը, ինձ այցելել էր Հայաստանում: Ուշադրություն, ընթերցող. դա Ռեյչելի առաջին այցն էր նախկին Խորհրդային Միության երկիր:  Դեպի ծով ելք չունեցող եւ էքստրեմալ ջերմաստիճանով ու էթնոցենտրիկ երանգներով  երկրում մնալու (թեկուզ մեկ շաբաթով) հեռանկարն այնքան էլ հրապուրիչ չէր: Նաեւ պետք է հավելել, որ նա, ցավոք, սոխ, սխտոր, պանիր կամ տարատեսակ կանաչեղեն չի ուտում, ինչը միանգամից բացառում է հայկական խոհանոցի շատ ուտեստներ: Այս տողերի հեղինակը, չլինելով զբոսաշրջիկ եւ միաժամանակ հայ չլինելով` բախվեց բարդ առաջադրանքի, բայց ես բարեկրթորեն հանձն առա Հայաստանի պաշտպանության գործը:

Ես կտրականապես արհամարհեցի ամենահեշտ, բայց տափակ այլընտրանքը` նրան անդուր զբոսաշրջային օպերատորներին հանձնելը,  որոնք լեփ-լեցուն ավտոբուսների առջեւում նստած շատախոս ելույթներ են ունենում: Ես նաեւ բաց թողեցի պարտադիր այցը Սեւան:  Հայաստանի այլ գանձերի համեմատ Սեւանը չափից դուրս գովազդված է` իր ափամերձ ռեստորաններով, վաճառվող ձկների չափը ցույց տվող ժեստերով, ջրով, որն ավելի գորշ եւ անբարյացկամ է, քան արեւը  (մի քիչ նման է նրան, թե ինչ մեծ սպասումով ես կծում փքաբլիթը` կրեմի հուսահատեցնող փոքր քանակություն գտնելու մեծ ակնկալիքով):

Ոչ, Հայաստանը Սեւանից զատ շատ ավելի լավ վայրեր ունի ցույց տալու: Մանրամասն մտածված երթուղով մեր հյուրին ցույց տվեցինք Հայաստանում եղած ամենալավը, իմ կարծիքով: Բովանդակալից արշավներ Դիլիջան եւ Արագած, պիկնիկներ Շիրակի ծաղկաթմբերում եւ անձամբ մշակված ոտքով էքսկուրսիաներ արտասովոր Երեւանում:  Գեղեցիկը ցուցադրելը երբեք ձանձրալի չէ, բայց իսկական սերը չի ամաչում եւ լավը, եւ վատը ցույց տալուց: Ռեյչելի հիշողության խորքում եւ բազմաթիվ լուսանկարներում տպված հայաստանյան մոտիվներից էին Արարատ լեռը եւ համեղ բանջարեղենները (ավելի հստակ` սովորական լոլիկը): Իր «Հրաշագործի եղբորորդի»-ում Քլայվ Լյուիսը մտորում է այն մասին, որ  «Այն, ինչ դուք տեսնում եւ լսում եք, շատ բանով կախված է նրանից, թե որտեղ եք կանգնած: Սա նաեւ կախված է նրանից, թե ինչպիսի մարդ եք դուք»: Միջին զբոսաշրջիկի համար Արարատը հիասքանչ լեռ է` տեղակայված օտար երկրում, որին իբր ապաստանել է Նոյյան տապանը:  

Սակայն ուրիշների համար այն բազմադարյա քողարկված զայրույթի, «չարիքի» խորհրդանիշ է, ամենակա, բայց անձեռնմխելի գեղեցկության խորհրդանիշ:  Այստեղ ամեն ինչն է` եւ լուծումը, եւ խնդիրը, եւ հույսը: Բայց անկախ այն բանից` որտեղ ես կանգնած, Արարատը մշտապես արթնացնում է սեր առաջին հայացքից  (a coupe de foudre):

Մեր հյուրի համար անհասկանալի մնաց քաղաքի փողոցներում աղբի եւ դրան ուղեկցող հոտի առկայությունը: Երեւում է` աղբի այդ քանակի համար արդարացում չկա. բնակչությունը այս հարցում գրեթե պահանջներ չի ներկայացնում քաղաքապետերին, բացի այդ, փողոցներում շատ աղբամաններ կան: Ինչպես Ռեյչելը նշեց,  հավանաբար մարդկանց սովորությունների հետ է կապված խնդիրը, այլ ոչ միայն ենթակառույցների: Ես ինքս ինձ մտածում էի, որ մարդը մտածում է միայն այն ժամանակ, երբ ցանկանում է, որ իր մտքերը չլսվեն. «դու պետք է Բանգլադեշ կամ 9-րդ զանգված գնաս»: Աղբի խնդիրը կարելի է լուծել առանց հատուկ ջանքերի` վարքի անցավ փոփոխությամբ: Ինչու ինձ համար միեւնույն չէ: Որովհետեւ սա իմ տունն է: Սա մեր տունն է, եւ ես սիրում եմ այն: Եկեք հպարտանանք դրանով: Շատ անպատրաստ տնային տնտեսուհիների համար  անսպասելի էր Ռեյչելի զզվանքը բոլոր տեսակի կանաչեղենի եւ սոխի հետ կապված ամեն ինչի նկատմամբ: Մեր հյուրին ամենաշատը դուր եկավ ամառային դոլման (ավելի ճիշտ` տոլման, ինչպես ինձ բացատրեց ընթերցողներից մեկը, քանի որ անվանումն առաջացել է  «տոլի» բառից, որը խաղողի թուփ է նշանակում: Իսկ դոլման թուքական անվանում է` dolmak բառից, որը նշանակում է ինչ-որ բան լցոնել):

Հնարավոր է` պյուրեանման սոխի մանր կտորները բավական փոքր էին եւ քողարկվում էին մսում:

Մի անգամ սեղանի շուրջը Ռեյչելը հարցրեց, թե արդյոք տոլման հայկական է (քանի որ, ինչպես երեխայի անմեղությամբ թոթովեց նա, իրեն ինչ-որ մեկն ասել է, թե իրականում այդպես չէ: Նաեւ հայկական չեն սուրճը, քյուֆթան, լահմաջոն կամ ժենգյալով հացը: Իմ աշակերտները սկսեցին մանրամասներ պատմել եւ որովայնիս խորքերից ծառացավ մեջս նստած  հրեշը` թակելով սրտիս դուռը եւ պահանջելով զինվել` ընդդեմ այդ թվացյալ անմեղ հարցի:

Ես կրքոտ պաշտպանում էի տոլման եւ Էջմիածնի քյուֆթան, նաեւ այլ  բաներ, որոնք ես գիտեի, որ պատմականորեն միայն Հայաստանին չեն պատկանել:  Ինչպես որ բարությունը ստիպում է բարի լինել, Հայաստանին իմ պաշտպանելը ծնունդ էր այն բանի, թե ինչպես էին ինձ ամեն ինչ ցույց տվել իմ հայ ընկերները, որոնց ես անվարան իմ ընտանիքն եմ համարում:

Ինքնին հասկանալի է, որ ես պաշտպանում էի ոչ միայն կերակուրը, բայց զգացմունքներս էի արտահայտում նաեւ շատ այլ բաների նկատմամբ:

Ռեյչելի այցը լավ ծրագրված նոն-ստոպ տոնախմբություն էր:

Բայց վերջին հաշվով դա այն բանի փորձությունն էր, թե ինչպես է հնարավոր բացահայտել ինչ-որ խիստ սիրելի բան` չհասկացված մնալու իր ողջ խոցելիությամբ, պայմանականորեն անհրապույր եւ հրաժեշտի համբույրից հետո շատ հեշտ մոռացվող: Թեստի արդյունքը միանգամայն անսպասելի էր. այն կրկնվող իրավիճակի ընդունումն էր, որը ես սովորաբար զգում եմ` գտնվելով մյուս կողմում` որպես արտասահմանցի, իմ սիրելի պահերը, երբ ես քննարկում եմ սկսում հարեւանի կամ սրճարանում անծանոթի հետ, կոշկակարի եւ բռնցքամարտի իմ մարզչի հետ, որոնք երբեք չեն դադարում պարծենալ (ամեն անգամ, երբ հնարավորություն ունեն կամ կարող են ստեղծել հնարավորություն)  թե որտեղ է տնկվել խաղողի առաջին վազը, ինչու են հայերը ուժեղ այնպիսի մարզաձեւերում, ինչպիսիք են ծանր աթլետիկան (ըստ էության, պատճառն այն է, որ նրանց նախնիները լեռների մարդիկ էին ու աշխարհագրական անհրաժեշտությունից ելնելով զարգացնում էին ուժը); քանի տարեկան է հայկական այբուբենը (անմիջապես երկնքից տրված` Աստծո սցենարով); Ջերմուկի ջրի գերբնական հնարավորությունների մասին, Անիի գերազանցության մասին, եւ այն մասին, թե Հայաստանն ինչպես է կրկին դառնալու Կովկասի վագրը: Մեջս խեղդելով ակադեմիական բոլոր գիտելիքներս եւ անտեսելով տրամաբանությունը`  ես անվրդով վերապատմում էի այս եւ այլ պատմությունները (որոշները մնացածից ավելի ճշգրիտ էին):

Բայց մեր հյուրին իրականում հարկ չեղավ ավտոմեքենա վաճառողի մարտավարություն, որպեսզի սիրահարվի: Եվ, անխոս, նրան ոչ մի հորդոր հարկ չեղավ, որպեսզի հայտարարի, որ հայկական լոլիկն աշխարհում լավագույնն է, եւ միայն հանուն դրա նա պատրաստ է վերադառնալ:

Արիանա Կաոիլի

Հոդվածի անգլերեն բնօրինակը կարող եք կարդալ այստեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ