News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը նախորդ շաբաթ ԱԺ նախագահին դիմում է ներկայացրել մանդատը վայր դնելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ առաջիկա նիստում, այսինքն՝ ապրիլի 28-ին, նիստը վարող ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը կընթերցի նրա դիմումը մանդատը վայր դնելու վերաբերյալ, որից հետո՝ 15 օրվա ընթացքում, եթե նա դիմումը վայր չդնի, ապա կհարամվի, որ լիազորությունները դադարեցված են:

Ի դեպ, Դավիթ Քոչարյանի լիազորությունների դադարեցման դեպքում թիվ 25 ընտրատարածքում կնշանակվեն նոր ընտրություններ: Պատգամավորը ընտրվել էր հենց այդ ընտրատարածքից, նա ոչ միայն խմբակցության, այլեւ ԲՀԿ քաղխորհրդի անդամ է: Այդ մասին NEWS.am-ը տեղեկացավ ԲՀԿ կայքից:

Ավելի վաղ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը ԱԺ նախագահին դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու համար: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը չգիտի, թե ինչպիսի բովանդակության դիմում է Դավիթ Քոչարյանը ներկայացրել ԱԺ նախագահին, բայց ապրիլի 11-ին, նա խմբակցություն է ներկայացրել պատգամավորական բլանկի վրա գրված դիմում, որի վրա նշված է եղել, որ խնդրում է դադարեցնել իր լիազորությունները:

«Քանի որ ես այստեղ չէի եւ պարոն Ծառուկյանը եւս այստեղ չէր, այժմ պատրաստվում ենք խոսել իր հետ՝ հասկանալու պատճառները»,-ասել էր Նաիրա Զոհրաբյանը՝ տեղեկացնելով որ Դավիթ Քոչարյանը Հայաստանում չէ:

Հիշեցնենք, որ վերջերս Դավիթ Քոչարյանը աղմկահարույց միջադեպի կենտրոնում էր հայտնվել: Մարտի 9-ի երեկոյան Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել: Հրազդանի «Վեվ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել, որի շարունակությանը միջամտել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը:

Մեր տեղեկություններով՝ վիճաբանող կողմերից մեկը եղել է պատգամավորի ընկերը, որը հաշիվներ պարզելու համար երկրորդ անգամ նույն տեղ գնացել է Դավիթ Քոչարյանի հետ: Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել է վիճաբանողներից մեկի գլխին, պատճառել մարմնական վնասվածք, այնուհետեւ մեկ անգամ էլ կրակել է գետնին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, այն պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով:

Տպել
Ամենաշատ