News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The New York Times»-ում ներկայացված հոդվածը, որի հեղինակն է ազգային անվտանգության հարցերով տվյալ թերթի թղթակից Մայքլ Գորդոնը:

Պետքարտուղար Ջոն Քերին Ղրիմի անեքսիայի կապակցությամբ Ռուսաստանին մեղադրեց նրանում, որ դրսեւորում է 19-րդ դարին բնորոշ հնարքներ: Սակայն ռուսական զորքերի հաջողություններին եւ Ղրիմում ու Արեւելյան Ուկրաինայում նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության իրականացմանը հետեւող արեւմտյան փորձագետները ռուսական ռազմավարության վերաբերյալ հանգել են այլ եզրակացության: Նրանք տեսնում են, որ զինվորականները, ովքեր Խորհրդային Միության փլուզումից հետո իրենց մակարդակի անկման պատճառով հարգանք չեն վայելում, կիրառում են 21-րդ դարի ռազմավարություն, որը ներառում է կիբերպատերազմ, տեղեկատվական ակտիվ քարոզարշավ եւ բարձր որակավորված հատուկ նշանակության զորքերի օգտագործում՝ Արեւմուտքից նախաձեռնությունը խլելու համար:

Ռուս զինվորականների ունակությունները կարեւոր են ոչ միայն Ուկրաինայում բարձր դրույքների դրամայի կապակցությամբ, այլ նաեւ հետեւանքներ ունեն Մոլդովայի, Վրաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների եւ նույնիսկ Կենտրոնական Եվրոպայի՝ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկրների անվտանգության համար:

Ռուսաստանը ձգտում է իր իշխանության նախագծման ավելի արդյունավետ ուղիներ մշակել «մերձավոր արտասահմանում»՝ Խորհրդային Միության փլուզումից հետո կազմավորված ոչ ռուսական երկրներում: Նա փորձում է արդիականացնել իր բանակը՝ առաջնահերթություն տալով իր հատուկ ուժերին, օդային ուժերին եւ ծովային հետեւակին, զարգացնելով «արագ արձագանքման», հնարավորություն, որոնք «փորձարկվել է» Ղրիմում, ինչպես նշում է Ջեյմսթաուն հիմնադրամի ավագ գիտաշխատող  Ռոջեր Մաքդերմոթը:

Ռուսաստանի հաջողությունը Ղրիմում չի նշանակում, որ փոխվել է ռուսական բանակի ընդհանուր որակը, որը հիմնականում ներկայացվում է զորակոչիկներով եւ որը չի կարող համեմատվել ամերիկյան բարձր տեխնոլոգիական բանակի հետ: Մաքդերմոթը նշել է. «Նրա իրական ուժը գաղտնի գործողություններում է կայանում, համեմատաբար թույլ կիեւյան կառավարության նկատմամբ որակյալ հետախուզությամբ եւ ռազմական պատասխան տալու նրա ցանկությամբ»:

Ղրիմի ինտերվենցիայի ժամանակ ռուսներն օգտագործել են, այսպես կոչված, անսպասելի զորավարժությունները, որպեսզի շեղեն ուշադրությունը եւ թաքցնեն իրենց նախապատրաստությունները: Այդ նույն ժամանակ հատուկ վարժեցված զորքերը արագ տեղաբաշխվել են, որպեսզի ապահովեն առանցքային օբյեկտները: Հենց գործողությունն սկսվել է, ռուսական ուժերը կտրել են հեռախոսային մալուխները, խափանել են կապն ու օգտագործել են կիբերպատերազմ, որպեսզի կտրեն Ղրիմի թերակղզում գտնվող ուկրաինացի զինվորականներին:

Ամրապնդելով վերահսկողությունը, Կրեմլը լայնամասշտաբ քարոզչարշավ է սկսել լրատվամիջոցներով՝ ամրապնդելու համար իրադարձությունների զարգացման իր տարբերակը, որ ռուսական միջամտությունն անհրաժեշտություն է եղել, որպեսզի փրկեն ռուսալեզու բնակչությանը աջ ծայրահեղականներից ու քաոսից:

Օբամայի վարչակազմը չի հասցրել Ռուսաստանից պահանջել հետ քաշվել Ղրիմից, երբ Կրեմլը բարձրացրեց խաղադրույքները, մոտ 40 հազարի հասնող զորքեր կուտակելով Ուկրաինայի արեւելյան սահմաններին: Ռուսները Ուկկրաինա էին ուղարկում ոչ մեծ, լավ զինված խմբեր, որպեսզի գրավեն կառավարական շենքերը, որոնք կարող էին փոխանցվել տեղի իրենց կողմնակիցներին ու այսպես կոչված ապստամբներին:

«Քանի որ նրանք տեղերում որոշակի աջակցություն ունեն, նրանք կարող են փորձառու զինվորներից բաղկացած շատ փոքր զորակազմ օգտագործել եւ առաջ ընթանալ»,-ասել է Լեքսինգթոնի ինստիտուտի ռուսական բանակի հարցերով փորձագետ Դենիել Գուրը:

Մինչ Կրեմլը պահպանում է Ուկրաինայի արեւելքում մասշտաբային ինտերվենցիայի հնարավորությունը, անմիջապես Ուկրաինայի սահմանին գտնվողն օդային եւ ցամաքային զորքերի անմիջական նպատակը, թերեւս, այն է, որպեսզի զսպի ուկրաինացի զինվորականներին խիստ միջոցառումներից երկրի արեւելքում եւ հետ պահի ԱՄՆ-ին զգալի ռազմական օգնությունից:

Զինվորական փորձագետները նշում են, որ Կրեմլի ռազմավարությունն Ուկրաինայում, հավանական է, առավել լավ կաշխատի տարածաշրջաններում, որտեղ ռուսներ են բնակվում՝ ապահովելու համար աջակցությունը տեղերում: Այդպես նաեւ հեշտ է իրականացնել այդ ռազմավարությունը ռուսական տարածքների հարեւանությամբ, որտեղ կարող են բազմաթիվ սպառնացող ուժեր հավաքվեն եւ որտեղ ռուսական բանակը կարող է հեշտությամբ հատուկջոկատայինների ուղարկել:

«Այդ մոդելը կարող է օգտագործվել ողջ հետխորհրդային տարածքում»,-ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր խորհրդական Քրիս Դոմելին՝ հավելելով, որ Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները «շատ խոցելի» են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ