News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա նոյեմբերին Կանազի կայազորային կլինիկական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ այնտեղ արդեն երկու ամիս բուժվող Սերգեյ Մարությանը ծեծկռտուքի մասին մանրամասներ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, չկարողացավ պատմել դատարանին, քանի որ իր խոսքով, դեպքի պահին եղել է «դեղի տակ» եւ լսելով ռազմական ոստիկանության ժամանելու մասին, վախեցել է ու փախել հիվանդանոցից։ Այս մասին այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու եւ հիվանդանոցից փախուստի դիմելու համար մեղադրվող ժամկետային զինծառայողների գործով դատական հերթական նիստին ասաց վկա Սերգեյ Մարությանը՝ նշելով, որ նախաքննական ցուցմունք ինքը չի տվել։

«Հոսպիտալի երկրորդ հարկում ես քնած եմ եղել։ Արթնացա, տեսա՝ շուխուր ա, մուտքի դուռը բաց էր, փախա։ Ասեցի՝ գնամ տուն, առավոտ կգամ։ Դեղի տակ էի, իմացա ռազմական ոստիկանությունը գալու ա, վախեցա, փախա։ Միայն լսել եմ հոսպիտալի պետի գոռոցը։ Ես ցուցմունք չեմ տվել։ Քննիչը ասեց՝ գրի, խաբեցի, ասեցի, որ գրել չգիտեմ։ Ինքը ինձ դեպքի վերաբերյալ հարցեր չի տվել։ Ինքը համակարգչով հավաքել ա էդ տեքստը, ես ուղղակի տակը խզբզել եմ։ Չեմ գրել, ես գիտեի՝ իմ ծառայության համար ա, որ ազատվել եմ բանակից»- դատարանին պատմեց վկան։

Դատարանը որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, որում նա գրել էր, որ տեսել է հիվանդասենյակում օղու շշեր, նաեւ տեսել է, ինչպես են բուժվող զինծառայողները պահարաններով միմյանց հարվածում։ Վկան հերքեց իր նախաքննական ցուցմունքը. «Ես ուրիշ մարդկանց վրով բան չեմ ասել, միայն հոսպիտալի պետի ձայնն եմ լսել»։

Սերգեյ Մարությանը նաեւ նշեց, որ ամբաստանյալներին ճանաչում է միայն դեմքով։

Դատական հաջորդ նիստին՝ սեպտեմբերի 16-ին, կհարցաքննվեն գործով մյուս վկաները։

Հիշեցնենք, որ Արշակ Թորոսյանին, Ռազմիկ Մանուկյանին, Դավիթ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ստացիոնար բուժման մեջ գտնվելով զորամասի հոգեբուժական բաժանմունքում բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում, 2013թ. նոյեմբերի 2-ին բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զորամասի (հոսպիտալի) հրամանատար, փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն են գործադրել Սահակ Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել նրա շապիկը, ապա կողապահարանները նետել են բժիշկների ուղղությամբ ու փախուստի դիմել։ Մեկ օր անց կայազորի կլինիկական զինվորական հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ հայտնաբերվել ու վերադարձվել էին հոսպիտալ։ Զինծառայողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:  Նշենք, որ ամբաստանյալները, որոնք հոգեկան խնդիրների պատճառով բուժում էին անցնում հոգեբուժական բաժանմունքում, պնդում են, որ բժիշկները հարբած են եղել դեպքի պահին եւ նրանք են հրահրել ծեծկռտուքը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ