ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չի կարծում, թե տարեցտարի, հատկապես «Հայաստան-Սփյուռք» համաժողովներից հետո, օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի ավարտին լրագրողներին ասաց Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ օտարերկրյա ներդրումները տարեցտարի նվազում են՝ հատկապես համաժողովներից հետո:
«Համաժողովից հետո չի կարող ներդրում նվազել, դա կապված է սոցիալ-տնտեսական, համաշխարհային ճգնաժամերի հետ, որոնք վերջին շրջանում կատարվեցին»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ օտարերկրյա ներդրողները բողոքում են, որ Հայաստանում իրենց բիզնեսներում «փայ» են մտնում, նախարարն ասաց, որ տեղյակ չէ նման բանից:
«Նրանք ինձ նման բան չեն ասում: Եթե ձեզ են ասում, ես խորհուրդ կտամ ճշտել փայ մտնողի անունը եւ մենք մինչեւ վերջ բացահայտենք այն ամենը, ինչը բոլորիս մտահոգում է»,-ասաց նախարարը:
Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ ՀՀ օրենքներն այնպիսին են, որ ճիշտ ներդրումներ անելու հնարավորություն են տալիս: Նախարարը օտարերկրյա ներդրողներին հորդորեց համագործակցել Սփյուռքի նախարարության հետ:
«Մենք իրենց կոչ ենք անում ցանկացած ներդրում քննարկել Սփյուռքի նախարարության հետ, որպեսզի նախարարությունը նրանց իրավաբանական օգնություն ցույց տա, այնպես չլինի, որ Հայաստանում մեկը գտնվի՝ նրանց խաբի»,-ասաց Հրանուշ Հակոբյանը: