News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տեսանելի ապագայում Հայաստանը պատրաստվում է դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, եւ նման որոշումը պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած տոնական ընդունելությանը:

«Տեսանելի ապագայում մենք պատրաստվում ենք դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջեւ, ինչու չէ՝ նաեւ մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ: Պիտի անկեղծ լինենք: Մեզնից ոչ ոք մարգարե չէ, եւ մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո, բայց հստակ է մի բան. լավ աշխատելու դեպքում մենք կարող ենք լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել: Տնտեսական աճ մենք այսօր էլ ունենք: Այլ հարց է, որ եղած տեմպը մեզ չի բավարարում: Մեր ապրանքների առջեւ բացվելու է մի հսկայական շուկա, որտեղ ամրապնդվելն արդեն կախված կլինի աշխատելու մեր հմտությունից»,- նշել է նախագահը:

«Այս առթիվ ես ուզում եմ նաեւ պատասխանել մեր որոշ ընդդիմախոսների, ովքեր փորձում են մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ներկայացնել իբրեւ Հայաստանի քաղաքական անկախության կորուստ: Ասեմ, որ նման շահարկումներ անկախության բոլոր՝ 23 տարիների ընթացքում էլ եղել է: Այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որեւէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Նման պնդումներն անհիմն են: Աշխարհի երեսին չկա ինտեգրացիոն որեւէ գործընթաց, որը չենթադրի քայլերի համաձայնեցում: Սա ավելի քան բնական երեւույթ է:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի անկախությանը, ապա այն սրբազան է ու անքննարկելի: Եվ մենք շարունակելու ենք մեր բաց ու շահագրգիռ համագործակցությունը մեր բոլոր գործընկերների հետ՝ Եվրասիական միության եւ նրա անդամ պետությունների, Եվրամիության եւ նրա անդամ պետությունների, ԱՄՆ-ի, Չինաստանի, հարեւան Վրաստանի ու Իրանի, մեր բարեկամ մյուս բոլոր երկրների հետ: Հայաստանը կա եւ այսուհետ եւս լինելու է պետությունների միջազգային ընտանիքի ակտիվ ու պատասխանատու անդամը:

Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության եւ անկախ պետականության համար: Մենք իբրեւ ազգ եւ պետություն շարունակում ենք մեր հազարամյա երթը՝ ոչ մի րոպե չմոռանալով այդ մասին: Շարունակում ենք այնպես, ինչպես ինքներս ենք ճիշտ համարում: Մեր ընտրությունը աշխարհում հարգում են բոլորը, բացառությամբ մեկ պետության, որը չի հարգում նույնիսկ իր սեփական քաղաքացիների կարծիքը: Մենք բաց ենք ազատ ու փոխշահավետ աշխատելու բոլոր երկրների հետ, եւ սա մեր անցած ու դեռ անցնելիք ճանապարհի անքակտելի բաղադրիչն է»,- նշել է Սերժ Սարգսյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ