News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքում վերջին շրջանում  ազդեցության ոլորտների պայքարը ավելի է սաստկացել։ Իսլամական աշխարհում առաջնորդության պայքարում Իրանի նոր մրցակիցը՝ Թուրքիան, լուրջ քայլերի է անցել։  Մասնավորապես՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ի դեմս վարչապետ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Թուրքիայի ազդեցությունն ու հեղինակությունը  մահմեդական աշխարհում մեծացնելու եւ  Մերձավոր Արեւելքում իր գերակայությունը հաստատելու համար, օգտագործելով  նաեւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, լուրջ տարաձայնության մեջ է մտել Իսրայելի հետ։  Էրդողանը, իսլամական աշխարհում  պաղեստինյան ժողովրդի բարերարի ու փրկչի տիտղոսին արժանանալու  համար գնաց ռադիկալ ճանապարհով՝ անխնա քննադատելով եւ վիրավորելով Իսրայելին։

Նոր շրջանի թուրք-իսրայելական լարվածության սկիզբը դրվեց 2009-ին՝ Դավոսում, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  մեղադրեց Իսրայելին պաղեստինյան խաղաղ բնակչության կոտորածի մեջ եւ հրապարակավ  հեռացավ դահլիճից։  Այս միջադեպը համարվում է պատասխան այն բանի, որ 2008-ի վերջին Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը այցելում է Թուրքիա,  եւ նրա այցից մի քանի օր հետո Իսրայելը սկսում է հարձակումը Գազայի վրա:  Գազայի դեմ ռազմական գործողություններից օրեր առաջ Իսրայելի նախագահի այցը Թուրքիա այն տպավորությունը թողեց, որ Թուրքիան աջակցել էր Իսրայելին՝ հարձակման համար, որն  իսլամական աշխարհին տրամադրեց Թուրքիայի դեմ`  մահմեդական  խաղաղ բնակչության կոտորելու համար Իսրայելին աջակցելու մեջ: Սակայն Թուրքիան փորձեց ապացուցել, որ Իսրայելի կողմից նախապատրաստվող ռազմական գործողության մասին տեղյակ չէր։  Թուրքական իշխանությունները չկարողացան կուլ տալ այս վիրավորանքը, որ Իսրայելը Թուրքիային հանում էր իսլամական աշխարհի դեմ:  Էրդողանի Դավոսյան պահվածքի պատասխանը Իսրայելը տվեց մի փոքր ուշ՝ 2010-ի հունվարին՝  աթոռային ճգնաժամով, երբ Իսրայելում Թուրքիայի դեսպանին Թուրքիայում ցուցադրվող հակաիսրայելական մի սերիալի դեմ  բողոքի նոտա հանձնելու համար կանչել էին ԱԳՆ եւ ավելի ցածր աթոռի վրա նստեցրել։ Ճիշտ է, Թուրքիայի ճնշման տակ Իսրայելը ներողություն խնդրեց, սակայն իր անելիքը արդեն արել էր։

Թուրքիայում 2002-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որն իր ղեկավարների անցյալ քաղաքական գործունեության հետ կապված վաստակել է իսլամիստական կուսակցության անուն, ավելի ուշ այլ անակնկալ մատուցեց՝ դրսեւորելով նեոօսմանիզմի քաղաքականություն։  Նեոօսմանիզմի քաղաքականության ճարտարապետներից՝  Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հռչակած այսպես ասած «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը ուղղված էր հիմնականում իսլամական աշխարհի հետ հարաբերություններին, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի թուրքական իշխանությունների կողմից տապալումը ցույց տվեց, որ նրանք հետաքրքրված չեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Այսինքն՝  Թուրքիայի առաջնային  նպատակներից մեկը իսլամական աշխարհում իր ազդեցության տարածումն է, սակայն «զրո խնդիր հարեւանների հետ» ասելով հարցը չէր լուծվում։  Հայաստանին 17 տարի շրջափակման մեջ պահող Թուրքիան սկսեց հանդես գալ Իսրայելի կողմից շրջափակված Գազային օգնելու, եւ Իսրայելին քննադատելու ուղղությամբ։

Մայիսի 31-ի միջադեպով, երբ Գազայի հատված «մարդասիրական օգնություն» տանող նավերի կալանման ժամանակ Իսրայելի զինվորականների կողմից սպանվեց 9 թուրք ակտիվիստ, Մերձավոր Արեւլքում արձանագրվեց նոր զարգացումների սկիզբը։ 

Աշխարհը ցնցված էր, թե ինչո՞ւ են իսրայելցի զինվորականները կրակել անզեն մարդկանց վրա։ Իսրայելի պատասխանը կոնկրետ էր.  Ակտիվիստները սպառնացել են իսրայելցի զինվորների անվտանգությանը։ Օրեր անց թուրքական Hurriyet-ում  լուսանկարներ տպվեցին, որտեղ երեւում էին նավի վրա գտնվող ակտիվիստների կողմից ծեծի ենթարկված արյունլվա իսրայելցի զինվորականները։  Ըստ որոշ տվյալների՝ հենց էրդողանի կուսակցությունն է կատարել Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող նավատորմի ֆինանսավորումը։  Այսինքն՝ թուրքական իշխանությունները գիտակցաբար գնացին Իսրայելի հետ առճակատման։

Թուրքական իշխանությունները բացահայտ կասկածներ հայտնեցին, որ մայիսի 31-ին թուրքական Mavi Marmara նավի դեմ իսրայելական գործողությունները, եւ նույն օրը Թուրքիայի Իսքենդերուն նահանգի ռազմածովային զորամասի վրա կատարած PKK-ի հարձակումը, որի ժամանակ սպանվել է 7 թուրք զինվորական, չեն կարող զուգադիպություն լինել։  Թուրքիայում նորություն չէ, երբ PKK-ի գործողություններում փորձում են կապ տեսնել Իսրայելի հետ։ Թուրքական մամուլում դրա վառ փաստերը շատ են։ Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, Իսքենդերունի հարձակմանը PKK-ն ամիսներ առաջ էր սկսել նախապատրաստվել։

Էրդողանի՝ Իսրայելի դեմ սկսած սպառնալիքների բումը կարճ տեւեց, եւ սահմանափակվեց միայն մահմեդական երկրներում հակաիսրայելական բողոքի միջոցառումներում Էրդողանի նկարները պարզելով, ինչպես նաեւ մամուլում հայտնված տեղեկություններով, թե Պաղեստինում սկսել են իրենց նոր ծնված երեխաներին Էրդողան կոչել։  Արաբական մի շարք երկրներում Էրդողանի կամ Թուրքիայի նկարով հակաիսրայելական բողոքի ցույցերը պարզապես իրադարձության մի աննշան կողմն են։  Արաբական մամուլում հայտնված հրապարակումները ցույց են տալիս, որ իսլամական աշխարհը գիտակցում է Թուրքիայի իրական եւ հեռուն գնացող նպատակները։ Օսմանական լուծը դարերով կրած արաբական աշխարհը ոգեւորված չէ Թուրքիայի նեոօսմանիստական նկրտումներով, եւ լավ հասկանում են Էրդողանի պոպուլիստական ելույթների իրական կողմը։  Այնուամենայնիվ արաբական աշխարհը առիթը բաց չի թողնի, եւ  կփորձի Իսրայելի դեմ օգտագործել Թուրքիայի խաղաքարտը։ 

Թուրքական իշխանությունները հակաիսրայելական արշավի դադարեցման կամ դրա թուլացման համար մի քանի պատճառներ ունեն.  1.Թուրքիան միջազգային հանրությունից չստացավ համապատասխան աջակցություն, 2. Իսրայելի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը դեռեւս  կարեւոր է Թուրքիայի համար, 3. Թուրքիայում PKK-ն սկսեց աննախադեպ ակտիվություն ցուցաբերել՝ օրերի ընթացքում  երկրում ստեղծելով քաոս եւ անկառավարելիության տպավորություն։   3-րդ գործոնը  Թուրքիայի օրակարգից շատ արագ դուրս մղեց  Mavi Marmara-ի դեմ իրականացված գործողությունների հետեւանքների քննարկումները։ Պարզ դարձավ, որ չլուծված խնդիրները Թուրքիային ամեն վայրկյան կարող են նեղ դրության մեջ գցել։ Իսկ չլուծված խնդիրների պակաս Թուրքիան բոլորովին չի զգում։ Եւ ինչպես գրել էր թուրքական Aksiyon-ը. «Թուրքիայի հզորացման ճանապարհին մի անծանոթ ձեռք Թուրքիային կրկին փորձում է հետ տանել նախկին՝ քաոսով լեցուն օրերը»:

Անդրանիկ Իսպիրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ