Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը կարծում է, որ իր պաշտպանյալը ներման խնդրանքով կդիմի ԼՂՀ նախագահին:
«Դատավճիռը բողոքարկելու մասին խոսք դեռեւս չկա, ես իմ պաշտպանյալին դեռ չեմ տեսակցել, սակայն կարծում եմ, որ ներման խնդրանքով հաստատ կդիմի Բակո Սահակյանին»,- NEWS.am-ին ասաց Էրիկ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ դիվերսանտը նախագահին կարող է դիմել միայն հունվարի 29-ից հետո, երբ օրինական ուժի մեջ կմտնի դատավճիռը:
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։