ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դատապարտել է ահաբեկչական ցանկացած դրսեւորում, այդ համատեքստում նաեւ՝ ԻՊ-ի կողմից Ճապոնիայի քաղաքացու սպանությունը:
Հունվարի 26-ի մամուլի ասուլիսում նախարարին հարց է ուղղվել այն մասին, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է ահաբեկչության դեմ պայքարում իր ավանդի մասին՝ Հայաստանի հասցեին մեղադրանքներ տեղալով:
«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համախմբում է անհրաժեշտ: Ահաբեկչությունը սպառնալիք է բոլորի համար, եւ ուղղակի կամ անուղղակի կերպով ահաբեկչությանն աջակցողները պետք է գիտակցեն, որ գոյություն ունի բումերանգի էֆեկտ եւ իրենք էլ կարող են դառնալ ահաբեկիչների զոհ», - նշել է նախարարը:
Այդ կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը դիմել է Աֆղանստանից վարձկանների օգնությանը, որոնք սերտ կապեր ունեն ահաբեկչական հայտնի կազմակերպությունների հետ: Մի շարք հրապարակումներում, այդ թվում նաեւ ադրբեջանական մամուլում, կան Իրաքում եւ Սիրիայում ոչնչացված ադրբեջանցի ահաբեկիչների անուններ: Այդ պատճառով էլ Ադրբեջանի հայտարարությունները միջազգային միջոցառումների ժամանակ ոչ մեկին վստահություն չեն ներշնչում, քանի որ փորձերը զուր են, ընդգծել է արտգործնախարարը: