News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

2014 թ. հուլիսի կեսերից, երբ միջազգային շուկայում կտրուկ նվազել է նավթի գինը, Հայաստանում էժան բենզինի են սպասում: NEWS.am-ի հետ հարցազրույցում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պետ Արտակ Շաբոյանը նշում է, որ նավթից բացի, բենզինի գնագոյացման վրա ազդում են նաեւ հարկերն ու տեղափոխումը, իսկ այդ ծախսերն ավելի պահպանողական են, քան նավթի գները: Սակայն էժանացումն առկա է եւ կլիներ ավելի մեծ, եթե 2014 թ տարեվերջին անկում չապրեր հայկական դրամը:

Պարոն Շաբոյան, վերջերս հնչում են տեսակետներ, որ միջազգային շուկայում բենզինի գները էականորեն  նվազել են: Ի՞նչ ուսումնասիրություններ է իրականացրել Ձեր ղեկավարած Հանձնաժողովը Հայաստանում եւ ինչպիսին են արդյունքները:

Հանձնաժողովը  պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում բենզինի ներմուծման եւ իրացման ոլորտում: Դրանք վերաբերում են ինչպես ներմուծող ընկերությունների կողմից կիրառվող գնային քաղաքականությանը, այնպես էլ եվրոպական երկրներում բենզինի գների փոփոխությունների ուսումնասիրությանը, բացի այդ մշտապես ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում է նաեւ նավթի գների դինամիկայի ազդեցությունը բենզինի գների վրա:

Ինչպիսի՞ն են այդ ուսումնասիրությունների արդյունքները այս պահի դրությամբ:

2014 թվականի սկզբից մինչ օրս Հայաստանում բենզինի գները շարունակաբար նվազում են. եթե նախորդ տարեսկզբին ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրի մանրածախ գինը կազմում էր 480-490 դրամ, ապա ներկայումս այն արդեն 420 դրամ է:  Պետք է  հաշվի առնել այն հանգամանքը, որ մեր երկիր ներմուծվող վառելիքը ձեռք է բերվում ԱՄՆ դոլարով, իսկ վաճառվում է ՀՀ դրամով: Ընդ որում բենզինի տեղափոխման համար կատարվող ծախսերը, այդ թվում  նաեւ  ՀՀ տարածքով, կապված են արտարժույթի հետ, քանի որ գործող միջազգային պայմանագրերի համաձայն, միջպետական երկաթուղային բեռնափոխադրումների սակագների հաշվարկման հիմքում դրված են շվեյցարական ֆրանկի, ԱՄՆ դոլարի փոխարժեքները: Հետեւաբար փոխարժեքը ուղղակի եւ անմիջական ազդեցություն է թողնում բենզինի գնի վրա: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նախորդ տարի Հայաստանում փոխարժեքն արժեզրկվել է 17 տոկոսով, ապա ստացվում է, որ, փաստորեն, 2014 թվականի հունվարից մինչ օրս դոլարով արտահայտված բենզինի գների նվազումը կազմել է շուրջ 25,4%:

Քանի որ Հանձնաժողովը հետեւում է նաեւ բենզինի միջազգային շուկայի փոփոխություններին, հետաքրքիր կլինի նաեւ իմանալ ինչպիսին է իրավիճակը եվրոպական եւ ամերիկյան շուկաներում:  Որովհետեւ հաճախ հնչում են կարծիքներ, որ այդ երկրներում գնանկումն ավելի ակնհայտ է:

Ոչ, իրականում դա այդպես չէ: Ըստ ԱՄՆ պաշտոնական վիճակագրական տվյալների, եվրոպական մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Բելգիայում, դոլարով արտահայտված բենզինի գները միջինում նվազել են 25-ից 29 տոկոսով: Սակայն պետք է հաշվի առնել, որ նույն ժամանակահատվածում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ եւս արժեզրկվել է, հետեւաբար եվրոյով արտահայտված բենզինի գների նվազումը ավելի քիչ է կազմում: Այսինքն, եվրոպական սպառողների համար բենզինի գներն ավելի քիչ չափով են էժանացել, քան մեր սպառողների համար:  Բացառություն է կազմում միայն ԱՄՆ-ն, որտեղ բենզինի մանրածախ գների նվազումը կազմել է շուրջ 32 տոկոս, ինչն ունի օբյեկտիվ պատճառներ: Հիմնական պատճառը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ում վաճառվող բենզինի գնի մեջ նավթի արժեքը բավականին բարձր է. այն կազմում է մինչեւ 60 տոկոս: Հետեւաբար նավթի գնի փոփոխությունը մեծ չափով ազդում է բենզինի գնի վրա: Դա էլ իր հերթին պայմանավորված է երկու հանգամանքով: Նախ, որ ԱՄՆ-ում  արդյունահանում եւ վերամշակում են սեփական նավթը, եւ ապա այդ երկրում բենզինի համար վճարվող հարկերը բավականին ցածր են:

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը ՌԴ-ում, որտեղից կատարվում են Հայաստան բենզինի հիմնական ներկրումները:

Ինչ վերաբերում է ՌԴ-ին, որտեղից դուք ճիշտ եք, կատարվում է  բենզինի հիմնական ներմուծումը Հայաստան, ապա պետք է տեղեկացնեմ, որ այստեղ բենզինի վերջնական գնի մեջ նավթի արժեքը կազմում է 25-30 տոկոս: Ճիշտ է, ՌԴ-ն եւս օգտագործում է նավթի սեփական պաշարները, սակայն, ի տարբերություն ԱՄՆ-ի, նավթի արդյունահանման եւ բենզինի իրացման համար գանձվող հարկերը  վերջնական գնի մեջ բավականին մեծ կշիռ ունեն: Մեր կողմից կատարված գնագոյացման հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ նավթի արժեքը կազմում է շուրջ 10 տոկոս, քանի որ մեզ մոտ ներմուծման ժամանակ կատարվում են տեղափոխման մեծ ծախսեր, դրան գումարած նաեւ հարկերը, որոնք եւս բավականին կշիռ ունեն: Հետեւաբար միավոր նավթի գների փոփոխությունը չի կարող համարժեքորեն ազդել բենզինի իրացման գնի վրա:

Պարոն Շաբոյան, վերջին տարիներին կարծեք թե թեժացել է մրցակցությունը գազալցակայանների եւ բենզալցակայնների միջեւ: Ունե՞ք որոշակի ուսումնասիրություն նաեւ այս ուղղությամբ:

Այո, դուք ճիշտ եք, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բենզալցակայանները լուրջ մրցակցության մեջ են գտնվում գազալցակայանների հետ: Դրա մասին է վկայում նաեւ վերջին երկու տարիների  բենզինի ներմուծման դինամիկան, ըստ որի ներկրման ծավալները կրճատվել են շուրջ 50 տոկոսով: Գազալցակայանների հետ մրցակցության պայմաններում բենզինի իրացմամբ զբաղվող տնտեսվարողները շահագրգռված են  այն վաճառելու հնարավոր ցածր գներով, որպեսզի սպառողների մի մասին կարողանան ներգրավել բենզալցակայաններ:

Նշեմ նաեւ, որ Հանձնաժողովը ներկայումս եւս շարունակում է հետեւել միջազգային շուկայի  գնային փոփոխություններին, ինչպես նաեւ բենզին ներմուծող խոշոր ընկերությունների վարքագծին:

Հարցազրույցը՝ Արամ Գարեգինյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ