News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը, ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ, շարունակում է «Զրույց դեսպանի հետ» խորագիրը:

Այս շաբաթ մեր զրուցակիցը Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանն է։

Պարոն դեսպան, Հայաստանը ո՞ր ուղղություններով է շարունակելու զարգացնել հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։

Արաբական Միացյալ Էմիրությունները ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991թ., իսկ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ. հունիսի 25-ին:

2000թ. սեպտեմբերի 23-ին բացվեց ԱՄԷ–ում ՀՀ դեսպանությունը, իսկ 2008թ. հայ բարերարների ջանքերով եւ նյութական միջոցներով Աբու Դաբիում իրականացավ դեռեւս 2002թ. ԱՄԷ հիմնադիր՝ շեյխ Զայիդ Բին Սուլթան ալ Նահայանի հրամանագրով Հայաստանին հատկացված հողակտորի վրա ՀՀ դեսպանության շինարարությունը, որի իրականացման գործում մեծ նպաստ ունեցան իմ գործընկերներ՝ ԱՄԷ-ում ՀՀ նախկին դեսպաններ Արշակ Փոլադյանն ու Վահագն Մելիքյանը:

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարեւորում է Ծոցի տարածաշրջանի՝ մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը: Տեղի են ունեցել քաղաքական, տնտեսական, ճանաչողական եւ այլ բնույթի բազմաթիվ փոխայցելություններ, ստորագրվել են մոտ երեք տասնյակ միջպետական եւ միջգերատեսչական փաստաթղթեր:

Վերջին տարիներին հայ-էմիրաթական հարաբերությունները զարգացման լուրջ միտումներ են դրսեւորում ինչպես առեւտրատնտեսական, այնպես էլ քաղաքական եւ գիտամշակութային ոլորտներում: Աշխատանքներ են տարվում երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ:

Ակտիվ երկկողմ համագործակցություն է ձեւավորված նաեւ միջազգային կազմակերպություններում:

Նշեմ, որ երկկողմ հարաբերություններում գոյություն ունի դեռեւս չօգտագործված հսկայական  ներուժ, որը երկուստեք ջանքերի շնորհիվ նոր հորիզոններ կբացի հայ-էմիրաթական հարաբերությունների առջեւ: Այստեղ, անշուշտ, նախեւառաջ կարեւոր է ԱՄԷ-ում ՀՀ եւ Երեւանում վերջերս բացված ԱՄԷ դեսպանությունների դերակատարությունը, որպես առաջին օղակ, քաղաքական, տնտեսական եւ մշակութային շրջանակների ներկայացուցիչների հետ շփումներն իրականացնելու, դրանց ակտիվացման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տանելու իմաստով:

Հայերը Արաբիայում սկսել են հիմնավորվել դեռ ուշ միջնադարից։ Պատմեք մեզ, խնդրում եմ, Էմիրություններում մեր համայնքի մասին։

Դեռեւս 16–րդ դարում հայ վաճառականներն ակտիվորեն մասնակցել են Ծոցի տարածաշրջանում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ իրականացվող առեւտրին, սակայն, հայ համայնքի հիմնական զանգվածը Արաբական Միացյալ էմիրություններում սկսել է հաստատվել 1975թ. հետո՝ Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Եգիպտոսից, Իրաքից, Հայաստանից, Ռուսաստանից, մի շարք եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից եւ Կանադայից։ Այսօր ԱՄԷ-ում բնակվող հայերի թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 8000-10000 մարդ։

1980թ. կազմավորվել են Դուբայի եւ Հյուսիսային էմիրությունների եւ Աբու Դաբիի Ազգային վարչությունները։ Նույն թվականին սկսել է գործել Շարժայի «Հարութ Օհաննեսյան» մեկօրյա հայկական վարժարանը։

Ազգային կյանքը ղեկավարվում է թեմական ժողովի միջոցով, որը ղեկավարում է թեմի առաջնորդը։

1998թ. նոյեմբերի 15-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցավ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման, ինչպես նաեւ կից համալիրի, դպրոցի եւ հանդիսասրահի բացման արարողությունները։

Հայերեն պարբերականներ ԱՄԷ-ում լույս չեն տեսնում։ Գործող կայքէջերն են «emahay.com»-ը եւ «azad-hay.net»-ը։

ԱՄԷ-ում բնակվող հայերի 90 տոկոսը տարբեր պետական եւ մասնավոր հիմնարկ֊ձեռնարկությունների պաշտոնյաներ են եւ ներգրավված են հիմնականում ինժեներա֊շինարարական, ճարտարագիտական եւ տնտեսագիտական ոլորտներում։ Եկեղեցու եւ մեկօրյա վարժարանների ծախսերը հոգալու համար պարբերաբար կազմակերպվում են հանդեսներ, ազգային-կրոնական հանդիսություններ, մշակութային եւ ընկերային ձեռնարկներ, պարահանդեսներ։

2006թ. ԱՄԷ թագաժառանգ Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահայանը հատուկ հրամանագրով Աբու Դաբիի այն ժամանակ 500 հոգիանոց հայ համայնքին հողատարածք նվիրեց՝ եկեղեցի եւ համայնքային կենտրոն կառուցելու համար։

2014թ. դեկտեմբերի 12-ին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցավ Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը։ Ապագայում եկեղեցուն կից կգործի նաեւ Արա Խանոյան կիրակնօրյա հայկական դպրոցը:

ԱՄԷ գործարար շրջանակներում կան հաջողությունների հասած բավարար թվով հայ բարերարներ, որոնք իրենց մշտական աջակցությամբ եւ օժանդակությամբ մեծապես նպաստում են համայնքային կյանքն առավել ակտիվ դարձնելուն։

Դեռ 10-րդ դարում արաբ աշխարհագետ իբն-Հաուքալը գրում էր, թե «հայկական գործվածքներն եւ գորգերն աննման են ամբողջ աշխարհում»։ Ի՞նչ կարող ենք մենք առաջարկել Էմիրություններին այսօր, թե՞ սպառողներին, թե՞ ներդրողներին։

Նույնիսկ մինչեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, Հայաստանի եւ ԱՄԷ միջեւ արդեն ձեւավորվել էին որոշակի առեւտրատնտեսական կապեր` երկու երկրների գործարարների անհատական նախաձեռնությամբ:

Հայաստանից արտահանվել են սարքավորումներ, պահեստամասեր, պղինձ, ալյումին, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, կոշկեղեն, արվեստի գործեր, հնաոճ իրեր եւ այլն: Էմիրություններից ներմուծվել են էլեկտրական սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք, սպառողական ապրանքներ:

Վերջին տարիներին, ի լրումն Աբու Դաբի եւ Դուբայ էմիրությունների, գործնական կապեր են հաստատվել նաեւ Ռաս ալ-Խայմա, Շարժա, Աջման, Ֆուջեյրա եւ Ում ալ-Կայվան էմիրությունների հետ:

Համագործակցության կարեւոր ծրագրերից է Աբու Դաբիի Զարգացման Հիմնադրամի կողմից Արփա-Սեւան թունելի վերականգնողական աշխատանքների համար 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումն, ինչպես նաեւ «Հաղարծին» եկեղեցական համալիրի ենթակառուցվածքային համակարգի վերանորոգումը, որը հանձն առավ եւ ֆինանսավորեց Շարժայի Էմիր Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ ալ Կասիմին:

Այժմ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է ծավալում հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցկացնելու ուղղությամբ:

Ըստ իս, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման համար կարեւոր նշանակություն ունեցավ 2014թ. հունիսի 3-ին ՀՀ առեւտրարարդյունաբերական պալատում կայացած ԱՄԷ Առեւտրի պալատի պատվիրակության եւ հայ գործարարների համատեղ բիզնես-ֆորումը, որին երկու կողմից մասնակցեցին մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ: Բիզնես-ֆորումի շրջանակներում կազմակերպվեցին կլոր սեղան-քննարկումներ՝  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, տրանսպորտ, շինարարություն, սննդի ծառայություններ, սոցիալական ենթակառուցվածքներ, կանաչապատում եւ ոռոգում, դեղագործություն, անշարժ գույքի վարձակալություն եւ կառավարում, ներդրումներ, անասնակերի արտադրություն, դիզայն եւ այլն)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբու Դաբիում է գտնվում Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանը, դեսպանությունը ներգրավված է վերականգնվող էներգիայի բնագավառում համագործակցություն ծավալելու աշխատանքներին:

Պարբերաբար առաջարկություններ են ներկայացվում երկկողմ հարաբերությունների մի շարք ոլորտներում, մասնավորապես քիմիական արդյունաբերության, ոսկեգործության եւ ադամանդագործության, հանքաարդյունաբերության բնագավառներում համատեղ նախագծեր իրականացնելու կապակցությամբ: Խոստումնալից է գյուղատնտեսության բնագավառը. քննարկման փուլում են համատեղ մի շարք ծրագրեր:

Երկուստեք շահագրգռվածություն է դրսեւորվել զբոսաշրջության բնագավառում համագործակցության հետագա ակտիվացման առումով: Աշխատանքներ են տարվում Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների եւ ԱՄԷ համապատասխան կառույցների միջեւ փոխայցելությունների կազմակերպման եւ համատեղ զբոսաշրջային գործակալությունների ստեղծման ուղղություններով: Էմիրաթական կողմին է ներկայացվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ներդրումային հնարավորությունները:

2010թ. ի վեր երկու երկրների միջեւ օդային ուղիղ կապն իրականացվում է «FlyDubai», 2012թ.-ից` «Էյր Արաբիա», իսկ 2014թ. օգոստոսից՝ «Etihad» ավիաընկերությունների միջոցով:

ԱՄԷ-ն Հայաստանին տրամադրել է «MASDAR» տեխնոլոգիական ինստիտուտում ուսանելու համար 10 կրթաթոշակ:

Արաբական հանրությունը, որպես կանոն, ըմբռնումով է մոտենում հայերի պատմական հիշողությանը։ ԱՄԷ-ում ինչպե՞ս է նշվելու Ցեղասպանության 100-րդ տարելիցը։

Ինչպես եւ այլ գաղթօջախներում, ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ պատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին ընդառաջ, դեսպանությունը զբաղվում է լայնածավալ տեղեկատվական նյութերի տարածմամբ:

Ցանկանում եմ նշել, որ 2014թ. Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Աբու Դաբիի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում տեղադրվեց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի կողմից օծվեց դեսպան Ղարիբջանյանի ընտանիքի նվիրաբերած խաչքար հուշարձանը:

100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի են ունենալու բազմաթիվ միջոցառումներ Աբու Դաբիում, Դուբայում եւ Շարժայում, դրանցից կարեւորագույնը՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ երեկոյի անցկացումն է Աբու Դաբիում` ՀՀ դեսպանության սրահում, որից հետո տեղի կունենա համերգ հայ երաժիշտների մասնակցությամբ: Հոգեհանգստյան արարողություններ են անցկացվելու Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եւ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում:  

Դուք դիվանագիտական ասպարեզում ծառայում եք արդեն երկար տարիներ։ Ի՞նչ կմաղթեիք այսօրվա երիտասարդներին՝ մեր հանրապետության վաղվա դիվանագետներին։

Հավատալ Հայրենիքի եւ պետության վաղվա օրվան:

Կենսագրական տվյալներ

Գեղամ Տիրանի Ղարիբջանյան

Ծննդյան  թիվն  ու  վայրը՝ 02. 10. 1951թ., ք. Երեւան

Կրթությունը՝

1968 – 1973թթ.- Երեւանի  պետական  համալսարան, արեւելագիտության ֆակուլտետ

1994թ.- ԱՄՆ-ի  Հարավային  Կալիֆորնիայի  համալսարան / USC /, հանրային  կառավարման  բարձրագույն  կուրսեր

Աշխատանքային  գործունեությունը՝

10. 1973 – 01. 1978 թթ. – Սփյուռքահայության  հետ  մշակութային  կապի  կոմիտե, ավագ  խորհրդական

01.1978 – 01. 1981 թթ. –  երկարատեւ  գործուղում  Իրան՝ որպես  պարսկերեն  լեզվի թարգմանիչ

01.1981 – 05. 1991 թթ. –  Սփյուռքահայության  հետ  մշակութային  կապի  կոմիտե, ավագ  խորհրդական, բաժնի  վարիչ 

05.1991 – 06. 1995 թթ. – ՀՀ  աշխատանքի  եւ  սոցիալական  ապահովության նախարարի  տեղակալ

07.1995 – 02. 1999 թթ. – ՀՀ  Ազգային  ժողովի  պատգամավոր, ՀՀ  ԱԺ  սոցիալական, առողջապահության եւ բնության  պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ,ապա նախագահ, ՀՀ  ԱԺ  Հայաստան – Իրան  բարեկամության  խմբի նախագահ, ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային  ժողովի  միջխորհրդարանական հանձնաժողովի  փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում սոցիալական հանձնաժողովի  փոխնախագահ, ՀՀ ԱԺ «Սոցիալական  պետություն» պատգամավորական խմբի  հիմնադիր 

14.01.1999թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «արտակարգ  եւ լիազոր դեսպան» դիվանագիտական  աստիճան

14.01.1999-27.12.2004թթ.- Իրանի  Իսլամական  Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ  եւ լիազոր  դեսպան

14.08.2001-27.12.2004թթ.-Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ  եւ  լիազոր  դեսպան /նստավայրը՝ Թեհրան/

13.01.2005-19.01.2009թթ.-ՀՀ  արտաքին  գործերի  նախարարի  տեղակալ

19.01.2009-11.02.2012թթ.- ՀՀ Ազգային  ժողովի  աշխատակազմի  ղեկավար

12.03.2012թ.  -  ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արաբական Միացյալ  Էմիրություններում Հայաստանի Հանրապետության  արտակարգ  եւ  լիազոր դեսպան

16.05.2013թ. -  ՀՀ Նախագահի  հրամանագրով  նշանակվել է  Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտա կարգ  եւ լիազոր  դեսպան /նստավայրը Աբու Դաբի/

Այլ  տեղեկություններ՝

1998թ. - Բնության  եւ հասարակության մասին գիտությունների Միջազգային ակադեմիայի իսկական անդամ

1998թ.  - Արտաքին  տնտեսական  կապերի  եւ  կառավարման ինստիտուտի իրավագիտության պատվավոր դոկտոր

Մասնակցություն  միջկառավարական  հանձնաժողովներին՝

նախագահել է՝   հայ – չինական , հայ - հնդկական, հայ – լիբանանյան միջկառավարական  հանձնաժողովների հայկական մասը

անդամակցել է՝  հայ - ռուսական, հայ – վրացական միջկառավարական հանձնաժողովներին

Պարգեւատրումներ՝

2006թ. – Հայ-իրանական գիտամշակութային հարաբերություններում ունեցած  վաստակի  համար  ՀՀ ԳԱ  նախագահության գովեստագիր

2006թ.  – Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի գլխավոր հրամանատարի  մեդալ

2007թ.– ՀԱՊԿ   հոբելյանական  մեդալ

2007թ. – ՌԴ հասարակական  պարգեւների ազգային կոմիտեի  Մեծն Իշխան Վլադիմիրի  2-րդ աստիճանի  շքանշան

2007թ. – Ֆրիտյոֆ  Նանսենի ոսկե  մեդալ

2009թ. – ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեության  մեջ  ունեցած անգնահատելի ներդրումի եւ հայ դիվանագիտության կայացմանը բերած մեծ նպաստի համար  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից  շնորհակալագիր

2009թ. – ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Դրաստամատ Կանայան» մեդալ

2011թ. – «Վահան Թեքեյան»  հիմնադրամի ոսկե մեդալ

2011թ.  – Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ  տարեդարձի  առթիվ Նախագահ  Սերժ Սարգսյանի  հրամանագրով   պարգեւատրվել  է «Մխիթար Գոշ» մեդալով։

Դիվանագիտական  աստիճանը՝ արտակարգ  եւ  լիազոր  դեսպան

Օտար  լեզուների  իմացությունը՝ ռուսերեն, պարսկերեն, անգլերեն

Ընտանեկան դրությունը՝ ունի երեք երեխա, երկու թոռնիկ։ 

Խորագրի ներքո առաջին հարցազրույցն անցկացվել է Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ