News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերի շրջանակում հիմնադրամի կողմից Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ավելի քան 90 դպրոցների տրամադրվել է շուրջ 115 համակարգիչ:

Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում կրթօջախների տնօրեններին համակարգիչների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը:

Կրթօջախների համակազմի անունից շնորհակալություն հայտնելով հիմնադրամին՝ դպրոցները համակարգիչներով ապահովելու շարունակական նախաձեռնության համար, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ դպրոցներում մասնագիտացված դասարանների ձեւավորման ու վերազինման, ինչպես նաեւ համակարգիչներով կահավորման արդյունքում զգալիորեն բարձրանում է կրթության որակը:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ Երեւանի քաղաքապետարանն ունի արդյունավետ համագործակցություն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Եվ այդ համագործակցությունն այսօր ակնհայտ է նաեւ մայրաքաղաքի բնակիչների համար, ինչը հպարտությամբ ենք արձանագրում: Այդ համագործակցության շրջանակում արդյունքները տեսանելի են նաեւ հանրակրթության ոլորտում, եւ այսօր հերթական բարեգործությունն է ուղղված հանրակրթական դպրոցներին, որը մեծ ոգեւորություն առաջացրեց կրթօջախներում՝ հատկապես աշակերտների շրջանում»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը: 

«Փյունիկ» բարեգործական  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ  Լեւոն  Սարգսյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ հիմնադրամը շարունակելու է համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ:

«Ոչ մի հասարակություն առանց կիրթ սերունդ ունենալու ապագա չի կարող ունենալ: Ու մենք՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներով, մեր առջեւ նպատակ ենք դրել հնարավորին օգնել ու օժանդակել մատաղ եւ երիտասարդ սերունդների կրթմանը: Եվ սա լինելու է շարունակական»,- ընդգծել է Լեւոն Սարգսյանը:

Տպել
Ամենաշատ