News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է, որն այսօր այլևս անշրջելի է: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը:

«Մեծարգո՛ հյուրեր, 

Գլոբալ համաժողովի հարգելի՛ մասնակիցներ

Ողջունում եմ ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի շրջանակներում: Շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ ձեր կարեւոր մասնակցության համար: Համաժողովի ներկայացուցչական կազմը վստահություն է ներշնչում, որ այն կվերածվի հանցագործությունների հանցագործության` ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակմանն ու կատարելագործմանն ուղղված համընդգրկուն քննարկումների կարեւոր հարթակի: Վստահ եմ, որ այստեղ հնչած ելույթները, ներկայացված տեսակետները կստանան լայն միջազգային արձագանք, ինչն անգնահատելի նշանակություն կարող է ունենալ հիմնախնդրի վերաբերյալ համաշխարհային իրազեկվածությունը բարձրացնելու գործում:

Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունների օրակարգը, փոքր եւ մեծ պետությունների դիվանագիտական ջանքերը, միջազգային մամուլի առաջին էջերը զգալի չափով ուղղված են մարդկության առջեւ ծառացած կարեւորագույն մարտահրավերներից մեկին: Խոսքը ժամանակակից քաղաքակրթության բնօրրանում` Մերձավոր Արեւելքում, ծայրահեղականության եւ անհանդուրժողականության աճի մասին է, որը հանգեցրել է տարբեր փոքրամասնությունների դեմ բռնությունների, որոշ վայրերում՝ նաեւ ցեղասպան դրսեւորումների ի հայտ գալուն: Միջազգային հանրության համար սա հերթական ահազանգն է առ այն, որ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենեւին չի վերացել եւ պահանջում է միջազգային կառույցների, պետությունների եւ քաղաքացիական հասարակության համախմբված եւ հետեւողական քայլեր:

Հարգելի՛ մասնակիցներ,

Այս համաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող կենտրոնական միջոցառումներից է: Ինչպես տեղյակ եք, այդ տարելիցի առթիվ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են ոգեկոչման միջոցառումներ, որոնք հիմնված են չորս առանցքային հենասյուների վրա: Դրանք են՝ հիշողությունը, երախտագիտությունը, կանխարգելումը եւ վերածնունդը: Միաժամանակ դրանք այն ուղերձներն են, որոնք Հայաստանի Հանրապետությունը եւ տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության հետեւանքով առաջացած հայկական համայնքները ցանկանում են 100-րդ տարելիցի կապակցությամբ հղել միջազգային հանրությանը եւ գալիք սերունդներին: Այս չորս գաղափարները հիմնարար նշանակություն ունեցող խորհուրդ են պարունակում նաեւ մարդկության պատմության ընթացքում իրականացված բոլոր ցեղասպանությունների ոգեկոչման համար:

Համաժողովի ընթացքում քննարկվելիք թեմաներից մեկը վերնագրված է այսպես. «Ո՞րն է հիշողության եւ ճշմարտության դերը ցեղասպանությունների հետեւանքների հաղթահարման հարցում»: Իսկապես շատ դիպուկ ձեւակերպված հարցադրում է, քանզի ցեղասպանությունների հարցում հիշողությունն ու ներկա իրականությունն անխուսափելիորեն փոխկապակցված են: Ցեղասպանությունը հանցագործություն է, որի մասշտաբներն այնքան մեծ են, որի պատճառած վնասներն այնքան խոր են, որ անգամ տասնամյակներ անց նրանց ազդեցությունն իրենց վրա զգում են թե՛ ցեղասպանության ենթարկվածների ու այն իրականացնողների ժառանգները եւ թե՛ ողջ միջազգային հանրությունը:

Հայերիս համար հիշողությունը բարոյական պարտավորություն է եւ, միաժամանակ, անբաժանելի անհատական եւ կոլեկտիվ իրավունք: Բարոյական պարտավորություն եւ իրավունք է հիշելու մեկուկես միլիոն մեր նահատակներին, հարյուր հազարավորների կրած անմարդկային զրկանքները, հազարամյակների ընթացքում մեր ժողովրդի կուտակած նյութական եւ հոգեւոր ժառանգության կորուստը, 20-րդ դարասկզբի հայ մտավորականության՝ հիմնականում Կոստանդնուպոլսում ապրող այն ստվար հատվածին, որին ոչնչացնելով՝ սկիզբ դրվեցին զանգվածային ջարդերին: Իրավունքի եւ պարտավորության այս միասնականությունն է պատճառը, որ մենք ոգեկոչման միջոցառումներն իրականացնում ենք «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով:

Չի կարելի չհամաձայնել Հոլոքոստը վերապրած, Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի հետ, ով նշում է. «Սպանվածներին մոռանալը հավասարազոր է նրանց երկրորդ անգամ սպանելուն»: Միաժամանակ հիշողությունը լավագույն միջոցն է ցեղասպանությունն իրականացրածների ժառանգների համար սեփական պատմության հետ առերեսվելու եւ լավագույն հնարավորություն՝ արդարությունը վերականգնելու համար:

Ցեղասպանությունների` Մեծ եղեռնի, Շոայի զոհերի, ինչպես նաեւ Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի եւ այլ ցեղասպանությունների հիշատակի օրերը պետք է ոգեկոչվեն ոչ միայն զոհերի, այլ նաեւ ցեղասպանությունն իրագործածների ժառանգների կողմից: Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը:

Հարգելի՛ ներկաներ,

Ցեղասպանության իրականացումը հետեւանք է ոչ միայն տվյալ պետության կամ հասարակության ներսում գրանցվող զարգացումների, այլ նաեւ ողջ միջազգային համակարգի ձախողման: Մեկ անգամ չէ ապացուցվել, որ անպատժելիությունը ցեղասպանության կրկնության նախադրյալ է: Հայոց ցեղասպանությունը եւ Հոլոքոստը հնարավոր եղավ իրականացնել համապատասխանաբար Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում: Միջազգային հանրությունը չկարողացավ կանխել դրանց եւ մյուս ցեղասպանությունների իրականացումը: Այժմ հիշողության միջոցով է հնարավոր պատկերացնել այն մեծագույն կորուստը, որ համաշխարհային քաղաքակրթությունը կրել է ցեղասպանությունների հետեւանքով: Անհնարին է բառերով նկարագրել մարդկային արժեքային համակարգի խեղման այն աստիճանը, որն ընկած է այս սարսափելի ոճիրի նախաձեռնման հիմքում:

Ցեղասպանությունների վերաբերյալ մեր հիշողություններում մեծ է երախտագիտության տեղը՝ երախտագիտություն մարդկային առաքինության հանդեպ, որը ցեղասպանությունների ընթացքում փրկել է հազարավոր կյանքեր: Այդպիսի պատմությունները բազմաթիվ են. Իրենա Սենդլերի կամ Ռաուլ Վալենբերգի գործունեությունը Հոլոքոստի ընթացքում, Փոլ Ռուսեսաբագինայի գործունեությունը Ռուանդայի ցեղասպանության, Վան Չուոնի գործունեությունը Կամբոջայի ցեղասպանության շրջանում ոչ միայն ֆիզիկական գոյության երաշխիք են հանդիսացել իրենց կողմից փրկվածների համար, այլ նաեւ հավատի ներշնչման աղբյուր դաժանության եւ ատելության տիրապետության ժամանակաշրջանում:

Հայ ժողովուրդը չի մոռանում եւ շնորհակալ է այն քրդերին եւ թուրքերին, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ ծածուկ փրկում էին իրենց հարեւան հայի կյանքը, արաբ ժողովրդին, որն ապաստան տվեց յաթաղանից մազապուրծ եղած հայերին, որբախնամ եւ այլ տեսակի մարդասիրական գործունեություն իրականացրած ռուս, ամերիկացի եւ եվրոպացի անհատներին:

Հավասարապես երախտագիտության են արժանի քաղաքացիական համարձակություն ունեցող այն գործիչները, հոգեւորականները, միսիոներները, դիվանագետները եւ քաղաքական բարեպաշտություն ցուցաբերած այն պետությունները, որոնք իրենց գործունեության մեջ առաջնորդվեցին մարդասիրական վեհ գաղափարներով:

Հարգելի՛ մասնակիցներ,

Ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման գործում հետեւողական ջանքեր գործադրելուց զատ մեր արտաքին քաղաքականության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ակտիվ դերակատարության ստանձնումը: Ընդ որում, այս ուղղությունները փոխկապակցված են, քանզի անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում անգնահատելի դերակատարություն ունեն: Այդ է պատճառը, որ մենք մեծ տեղ ենք հատկացնում ցեղասպանության կանխարգելման հիմնախնդրին՝ եւս մեկ անգամ ընդգծելով մարդկային քաղաքակրթությանն անհարիր երեւույթների դեմ պայքարում մեր անսասան վճռականության եւ քաղաքական կամքի ամրագրումը:

Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերում Հայաստանի ակտիվ մասնակցության օրինակներից է ՄԱԿ-ում Հայաստանի նախաձեռնած եւ կոնսենսուսով ընդունված՝ տարբեր տարիների բանաձեւերը: Դրանցից վերջինն ընդունվեց այս տարվա մարտին՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում: Բանաձեւում դատապարտվում է նաեւ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների միջազգային հրապարակային ժխտումը, քանզի այն պարարտ հող է նախապատրաստում նոր բռնությունների համար եւ արգելակում է հանցագործության կանխարգելման գործընթացը:

Ժխտողականությունը ցեղասպան միջավայրի սերմանման եւ հենց բուն սպանդի իրականացման հետ նույն եռանկյունու գագաթներից է: Ցեղասպանության ժխտումը նաեւ ազգային ատելության նոր ալիքի բարձրացման տարրեր է պարունակում, հաճախ ուղեկցվում է անհանդուրժողականությամբ եւ իրականացված ցեղասպանությունների արդարացմամբ: Իսկ միջազգային ուժեղացող ճնշման պարագայում ժխտողականությունը ձեռք է բերում ավելի փափուկ, բայց նույնքան վտանգավոր երանգներ կամ տարրալուծվում է պատմության վերաշարադրման արշավներում:

Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Միանշանակ է, որ մինչ այժմ միջազգային իրավունքի տեսաբանների եւ պատմաբանների կողմից զգալի աշխատանք է տարվել «ցեղասպանություն» եզրույթի իրավական ամրագրման, ինչպես նաեւ այդ հանցագործության պատժի մեխանիզմների մշակման ուղղությամբ: Միանշանակ է նաեւ, որ վերը նշված ուղղություններով անուրանալի եւ հաճախ առաջնորդող դերակատարություն են ունեցել հասարակական-քաղաքական շրջանակները, լրագրողները, խորհրդարանականները: Ասվածն ամբողջովին տեղին է նաեւ Հայոց ցեղասպանության դեպքում: 1915-16թթ. համաշխարհային մամուլը լի էր հայերի զանգվածային կոտորածների մասին պատմող ահասարսուռ հոդվածներով: 1915թ. ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք Թայմս» թերթը 145 հոդված տպագրեց, որոնց խորագրերից էր՝ «Ջարդերը դադարեցնելու կոչ՝ ուղղված Օսմանյան կայսրությանը»: Թերթի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը բնորոշվեց որպես «համակարգված», «լիազորված» եւ «կառավարության կողմից կազմակերպված»:

1915թ. մայիսի 24-ին Դաշնակից պետությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հայության նկատմամբ կատարվածը բնորոշելով որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ ուղղված հանցանք», ինչն այս ձեւակերպման առաջին ամրագրումն էր նման բարձր մակարդակով:

Հետագայում այս հասկացություններն ընդգրկվեցին այդ ոճրագործության բնորոշման հիմնարար ձեւակերպումների շարքում՝ ՄԱԿ-ի ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայում, Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտում եւ միջազգային իրավունքի այլ կարեւորագույն փաստաթղթերում:

Ցեղասպանությունների ու մարդկության դեմ գործված հանցագործությունների կրկնության պատճառներից մեկը նաեւ այն է, որ միջազգային հանրության հետեւողականությունը, միասնականությունն ու վճռականությունը բավարար չափով չի դրսեւորվել իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման, ինչպես նաեւ ցեղասպան միջավայրի ու ժխտողականության բացառման գործում: Որպես ժողովրդավարական արժեքների հենասյուն-կառույցներ՝ վերը նշված ուղղություններով զգալի դերակատարություն ունեն հատկապես խորհրդարանները եւ խորհրդարանականները:

Կարեւորում եմ այն հանգամանքը, որ օրենսդիրների անգնահատելի դերին նվիրված հատուկ քննարկում է նախատեսվում այս համաժողովի շրջանակներում, քանի որ նրանց ուղերձները, որոշումները եւ հայտարարություններն էական նշանակություն ունեն ինչպես արդարության վերականգնման, այնպես էլ հասարակություններին ու նրանց ապագա սերունդներին ցեղասպանության չարիքի հետեւանքների ճիրաններից ազատելու առումով:

Ողջունում եւ կարեւորում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից այս տարի ընդունած երկու փաստաթղթերը` Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունն ու «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությունը, համաձայն որի ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման օրը նշվում է դեկտեմբերի 9-ին, ինչը խիստ խորհրդանշական է, քանի որ հենց այդ օրն է ընդունվել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Այս համատեքստում մեր կարեւորագույն ուղերձներից մեկն էլ վերածնունդն է: 100 տարի առաջ հայ ժողովուրդը վերապրեց իր պատմության ամենամութ եւ դաժան էջը: Արհավիրքը, որ բաժին ընկավ մեր նախնիներին, իրոք աննախադեպ էր իր մասշտաբներով, սակայն այսօր, 100 տարի անց, ոգեկոչելով իր զոհերին՝ հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության եւ հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ սփյուռքով՝ համամարդկային քաղաքակրթության զարգացման մեջ նոր ներդրումներ ունենալու ձգտումով:

Այս ամենի հիմքը հայ ժողովրդի վերածնունդն է: Թերեւս հենց այստեղ դրսեւորվեց մեր ժողովրդի ամենագլխավոր հատկությունը՝ չնայած բոլոր դժվարություններին եւ դժբախտություններին, համամարդկային արժեքների հանդեպ հավատը պահպանելու, իր մեջ կառուցելու եւ արարելու ուժ գտնելու ունակությունը: Արդեն 1918թ. վերականգնվեց դարեր առաջ կորսված հայկական պետականությունը: Այնուհետեւ, խորհրդային ժամանակներում հայ ժողովուրդը ստեղծեց հոգեւոր եւ նյութական բազում արժեքներ՝ մասնակցելով համաշխարհային գիտական եւ մշակութային շտեմարանի հարստացմանը: Հայ ժողովրդի վերածննդի գագաթնակետը 1991 թվականի համազգային զարթոնքն էր, Հայաստանի նորանկախ Հանրապետության անդամակցությունը ինքնիշխան պետությունների համաշխարհային ընտանիքին:

Հայ ժողովուրդը վերածնունդ ապրեց ոչ միայն իր հայրենիքում, այլեւ Սփյուռքում: Հայոց ցեղասպանության հետեւանքով աշխարհի տարբեր երկրներում ապաստան գտած հայորդիները հաջողությամբ ինտեգրվեցին իրենց ընդունած հասարակություններում՝ միեւնույն ժամանակ պահպանելով հայկական ինքնությունը եւ Հայաստանի հետ խոր կապի գիտակցումը:

Ուստի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մենք բաց ճակատով ենք եւ վստահաբար հայտարարում ենք, որ այն, ինչին ցանկանում էին հասնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչները, չի հաջողվել: Ավելին, հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է, որն այսօր այլեւս անշրջելի է:

Հարգելի՛ մասնակիցներ

Եզրափակելով խոսքս՝ ընդգծեմ, որ այսօրվա համաժողովը քննարկումներին զուգահեռ պետք է հզոր գործնական ուղերձ հղի միջազգային հանրությանն առ այն, որ ցեղասպանությունները բնավ չեն դադարել սպառնալիք հանդիսանալ մարդկության համար, որ դրանց հետեւանքների հաղթահարումն ու կանխարգելումը պետք է դառնա կարեւորագույն առաջնահերթություն: Անցյալի դասերը մեզ պարզապես պարտավորեցնում են դա անել: Քաղաքակիրթ մարդկությունը պետք է մեկտեղի իր ջանքերը՝ վերջնականապես արմատախիլ անելու ցեղասպանության չարիքը եւ այն ծնող հանգամանքները:

Հայտնի ճշմարտություն է, որ տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է: Ասվածը ճիշտ է նաեւ մարդկության քաղաքակրթության համար, քանզի մարդկությունը ռասաների, ժողովուրդների, մշակույթների եւ կրոնների իր ողջ բազմազանությամբ է, որ կազմում է ներդաշնակ եւ ամբողջական մի համայնապատկեր: Ցեղասպանությունը հանցագործություն է, որը միտված է պոկելու համաշխարհային քաղաքակրթության ծառի ճյուղերից մեկը: Յուրաքանչյուր ճյուղի կորուստը ճակատագրական կարող է լինել նաեւ մյուսների համար:

Հետեւապես՝ «այլեւս երբեք» ասելու վճռականությամբ մեր համեստ ներդրումն ունենանք հանուն բոլորիս միավորող համամարդկային նպատակի՝ ցեղասպանության կանխարգելման՝ միջազգային հանրության այդ առաքելության առավել լիարժեք իրականացման:

Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս օրերին Երեւան այցելելու համար եւ մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք»:

Նշենք, որ Երեւանում ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետեւանքների վերացմանը եւ պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:

Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Ֆորումին մասնակցում է մոտ 600 մասնակից՝ հինգ տասնյակ երկրներից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ