Թուրքիայի ասորիները նամակ են գրել Թուրքիայի նախագահին եւ վարչապետին՝ կոչ անելով ճանաչել 1915-ի ցեղասպանությունը եւ հետ տալ քրիստոնյաներից բռնազավթած գույքը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ ասորական 20 հասարակական կազմակերպությունների ստորագրությամբ նամակ է ուղարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Ահմեդ Դավութօղլուին։
Նամակում նշվել է, որ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում երիտթուրքերը Անատոլիայում եւ Միջագգետքում քրիստոնյա ժողովուրդների՝ հայ, ասորի եւ հույն, ցեղասպանություն են իրականացրել, որին մասնակցել են նաեւ որոշ քուրդ ցեղեր։
«Այդ ցեղասպանության ժամանակ կոտորվել է 1,5 մլն հայ, 500 հազար ասորի եւ 350 հազար Պոնտոսի հույն։ Առանց ծեր ու մանուկ նայելու այդ գազանաբար իրականացված կոտորածի ժամանակ զավթվել են քրիստոնյաների ունեցվածքները, գույքերն ու հողատարածքները»,-նշվել է նամակում։
Էրդողանին եւ Դավութօղլուին նամակի հեղինակները կոչ են արել ճանաչել 1915-ի ցեղասպանությունը եւ հետ վերադարձնել հայերից, ասորիներից ու հույներից բռնազավթած գույքը։