News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 7-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ Մամուլի ազգային ակումբում ամերիկյան եւ արտերկրյա առաջատար լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում եւ աշխարհում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները եւ դրանց խորհուրդը։ Վաշինգտոնում կայանալիք միջոցառումների մասին խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ հաձնաժողովի նախագահ, «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Հանդես գալով բացման խոսքով՝ նախարար Նալբանդյանը, մասնավորապես, նշեց.

«Որպես ցեղասպանության արհավիրքներով անցած ժողովուրդ՝ մենք խորը բարոյական պատասխանատվություն ենք զգում՝ բարձրացնելու այս Եղեռնի շուրջ համաշխարհային իրազեկվածությունը եւ անելու առավելագույնը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման նպատակով։ Հենց այս խորհրդով են աշխարհասփյուռ հայերը հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին եւ միասնաբար բացականչում՝ «այլեւս երբեք»։

Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի շարքում ցանկանում եմ նշել Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած եւ 71 պետության կողմից համահեղինակված «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւը, որը կոնսենսուսով ընդունվեց ս.թ. մարտի 27-ին։ Այն ընդգծում է ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների ժխտման դեմ պայքարի կարեւորությունը։ Ժխտումը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում։ Այս համոզմունքով էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը Սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի ժամանակ նշեց. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է թողնել արնաքամ լինող վերքը՝ առանց վիրակապելու»։

Նորին Սրբության ուղերձը ըմբռնելու փոխարեն, ցավոք, Թուրքիան համարձակվեց նրան մեղադրել կողմնակալության մեջ։ Եվ սա միակ դեպքը չէ. Թուրքիան կոպտորեն մեղադրեց բոլոր նրանց, ովքեր վերջին շաբաթների ընթացքում իրենց համերաշխությունը հայտնեցին եւ ոգեկոչեցին 100-րդ տարելիցը։ Թվեմ միայն մի քանիսին՝ Եվրոպական խորհրդարան, Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ եւ մյուսներին։ Թուրքիան ոչ միայն մեղադրեց այդ երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, այն մարտահրավեր նետեց ճշմարտությանը եւ ակնհայտորեն պարտվեց արդարության դեմ իր պայքարում։

Ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը այդ ձախողման վկայությունն է։ Ավելի քան 60 պաշտոնական պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների եւ խորհրդարանների ղեկավարներ, կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ հայ ժողովրդի հետ միասին, հարգանքի տուրք մատուցեցին զոհերին՝ Երեւանի Ցեղասպանության հուշահամալիրում։

Մի քանի հազար ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, որոնք իրականացվում են կառավարական, խորհրդարանական, հոգեւոր, գիտական, քաղաքացիական հասարակական եւ համայնքային մակարդակներով։

Գերմանիայի Նախագահի հայտարարությունը, ինչպես նաեւ Ավստրիայի խորհրդարանի բանաձեւը ցույց տվեցին, որ պետությունները, որոնք 100 տարի առաջ Օսմանյան կայսրության դաշնակիցն էին, առերեսվում են իրենց պատմությանը։

Ապրիլի 22-23-ին Երեւանում անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որը համախմբել էր 600 մասնակիցների՝ գիտնականների, ցեղասպանագետների, իրավաբանների, խորհրդարանականների, հոգեւորականների, լրագրողների՝ 50 երկրներից։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան նախատեսում է իր ամենամյա համաժողովը անցկացնել հուլիսին Հայաստանում։ Մենք վշտակցություն եւ աջակցություն ենք զգում աշխարհի բոլոր մասերից, միջազգային կազմակերպություններից, քաղաքացիական հասարակությունից, գիտական շրջանակներից եւ համաշխարհային լրատվամիջոցներից։ Ամբողջ աշխարհում հեղինակավոր ԶԼՄ-ների խորագրերն ու լուրերը եւ հիմնական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները ծավալուն լուսաբանում են Հայոց ցեղասպանությունը եւ ոգեկոչման միջոցառումները։

Հիշատակման օրերը կարող էին հնարավորություն հանդիսանալ՝ ընդունելու անցյալը եւ առավել լավ ապագայի հիմքեր ստեղծելու։ Մենք հուսով էինք, որ Թուրքիան կընթանա այդ ճանապարհով, քանզի խորապես համոզված ենք, որ կա ավելի լավ ընտրություն, քան` Ցեղասպանությունը իրականացնողների արդարացումը։ Նախորդ տարվա օգոստոսին Անկարայում ես Թուրքիայի Նախագահին փոխանցեցի Հայաստանի Նախագահի հրավերը՝ մասնակցելու Երեւանում 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Թուրքիան կրկին հրաժարվեց սեղմել իրեն մեկնած ձեռքը։

Լուիս Մորենո Օկամպոն՝ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, Երեւանում կայացած Գլոբալ ֆորումին հայտարարեց. «Եթե մենք չենք կարող ճանաչել 100 տարի առաջ տեղի ունեցածը, ինչպե՞ս կարող ենք ցեղասպանության իրականացման դեմն առնել այսօր»։ Հնարավո՞ր էր արդյոք խուսափել Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի սարսափներից կամ այսպես կոչված «Իսլամական պետության» զոհերի տառապանքներից, եթե Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվեր, իսկ իրականացնողները արդարադատության առաջ կանգնեին։ Մենք համոզված ենք՝ «Այո»-ն է ճիշտ պատասխանը։ Եթե դեռ ոմանք կասկածներ ունեն, թերեւս, դրանք կարող են փարատվել Հոլոքոստի նախաշեմին ասված Ադոլֆ Հիտլերի խոսքերի հիշատակմամբ, որոնք ես երեկ կրկին անգամ տեսա Վաշինգտոնի Հոլոքսոտի թանգարանում. «Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածների մասին»։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման գլխավոր սյուներից մեկը երախտագիտությունն է նրանց հանդեպ, ովքեր Ցեղասպանության ժամանակ օգնել եւ աջակցել են հայերին: Այս առումով ցանկանում եմ ընդգծել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կոչով ԱՄՆ կառավարության կողմից ստեղծված «Մերձավոր Արեւելքի ամերիկյան օգնություն» կազմակերպության հսկայական բարեգործական աշխատանքը՝ կանխելու Մորգենթաուի բնորոշմամբ «ռասայի ոչնչացման արշավը»։ Հայտնի է, որ «Մերձավոր Արեւելքի ամերիկյան օգնությունը» հոգ է տարել տածաշրջանով մեկ սփռված ավելի քան 130.000 հայ որբերի մասին։

Գտնվելով Վաշինգտոնում՝ ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ 44 նահանգներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Այսօր Վաշինգտոնի Ազգային տաճարում՝ 100-րդ տարելիցի ոգեկոչման պատարագին, մենք հարգանքի տուրք կմատուցենք նաեւ Նախագահ Վուդրո Վիլսոնին, ով միշտ հիշվելու է որպես հայ ժողովրդի իրական բարեկամ եւ ով արտահայտել է իր համոզմունքը, որ Ամերիկայի ժողովուրդը «Հայաստանի հոգսը դարձրել է իր սեփականը»»,- նշել է Նալբանդյանը։

Նախարար Նալբանդյանի խոսքից հետո ԱՄՆ-ում կազմակերպված ոգեկոչման միջոցառումները ներկայացրեց Նուբար Աֆեյանը։

Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ