News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կատարի 3-րդ շեյխի երկրորդ կինը՝ աշխարհահռչակ գեղեցկուհի Համադա Բեն Խալիֆա ալ Թանի շեյխուհի Մոզան, այսօր` հունիսի 5–ին,  մեկնել է Հայաստանից։

Հեռանալուց առաջ շեյխուհին այցելել է Մատենադարան։ NEWS.am–ի թղթակիցը նկատել է, որ նրա այցի ժամանակ Մատենադարանից դուրս են բերել բոլոր այցելուներին, թեեւ շեյխուհի Մոզան մնացել է այնտեղ շատ կարճ` ընդամենը 5 րոպե։

Նշենք, որ նախօրեին Երեւան ժամանած շեյխուհու երկօրյա այցի ամբողջ ընթացքում անվտանգության աշխատակիցները նրան ամեն կերպ փորձել են հեռու պահել լրագրողներից եւ տեսախցիկներից։ Տպավորություն էր, որ արվում էր առավելագույնը` շեյխուհու մասնավոր այցը չհրապարակելու եւ չլուսաբանելու համար։

Շեյխուհի Մոզան Երեւանից Թբիլիսի է մեկնել չարտերային չվերթով։ Մեր տեղեկություններով` նրա թռիչքը նախատեսվում էր այսօր ժամը 18։00–ին, սակայն նա նախատեսված ժամկետից 4 ժամ շուտ է մեկնել։

Երեւանյան այցի ընթացքում Արեւելքի ամենաոճային կնոջն ուղեկցում էր ռուս աշխարհահռչակ մոդելավորող Ուլյանա Սերգեենկոն, որն այսօր Արեւմուտքում համարվում է նորաձեւության ամենատրենդային դեմքերից մեկը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ շեյխուհի Մոզան ժամանելու օրը զբոսնել է Երեւանի կենտրոնում, իսկ այսօր առավոտյան շեյխուհին այցելել է նաեւ Գեղարդի վանական համալիր եւ Գառնիի տաճար։

Շեյխուհի Մոզան  ունի 5 որդի եւ 2 դուստր։ Մոզան Արեւելքի կնոջ կերպարի մասին բազմաթիվ կարծատիպեր է կոտրել։ Հենց նա առաջին անգամ առանց չադրայի գլխաբաց հայտնվեց հանրության առջեւ՝ խախտելով իսլամական աշխարհի գլխավոր տաբուներից մեկը։

Նա ծնվել է 1959թ. Կատարի Ալ Խոր քաղաքում։ Նրա հայրը հաջողակ կատարցի գործարար Նասեր բեն Աբդուլլահ Ալ Միսնիդն է։ 1977թ. նա 18 տարեկան հասակում ամուսնանում է Կատարի գահաժառանգ արքայազն Համադ բեն Խալիֆ Ալ Թանիի հետ։ Մոզայից բացի շեյխն ունի եւս 2 կին։ Սակայն նրա կանանցից միայն Մոզան է հանրային գործունեությամբ զբաղվում։ Նա լավ կրթություն է ստացել, հայտնի է նորաձեւության աշխարհում, ակտիվ մասնակցում է երկրի հասարակական կյանքին, հիմնականում զբաղվում է կրթության խնդիրներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ