Հունաստանում ՀՀ դեսպանությունում կայացավ Կիպրոսի «Նարեկ» վարժարանների հոգաբարձության ատենապետ Վարդան Թաշճյանի պարգեւատրման արարողությունը Սփյուռքի նախարարության բարձրագույն` «Ոսկե մեդալ» պարգեւով` հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար:
Բացման խոսքում դեսպան Գագիկ Ղալաչյանը նշեց, որ ի դեմս Վարդան Թաշճյանի` Սփյուռքի նախարարության բարձրագույն պարգեւը կգտնի իր արժանի եւ լիիրավ տիրոջը:
Իր հերթին, Վարդան Թաշճյանը իր երախտագիտությունը հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին, դեսպան Ղալաչյանին, իր գործընկերներին:
Վաստակաշատ ուսուցիչը նշեց, որ ինքնությունը պահպանելու եւ իբրեւ հայ ապրելու ու գործելու պատգամը ժառանգել է Մեծ եղեռնից մազապուրծ փրկված իր ծնողներից, եւ իր կրթական ողջ գործունեության ընթացքում փորձել է այն սերնդեսերունդ փոխանցել Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության, «Նարեկ» վարժարանների եւ լիբանանյան դպրոցների կամարների ներքո: Իրեն բնորոշելով իբրեւ «կրթության եւ արվեստի խոնարհ մշակ»` Վարդան Թաշճյանը նշեց, որ պարգեւատրումն իրեն խրախուսում է այսուհետ եւս բազմապատկված ջանքով ու հանձնառությամբ շարունակել ծառայել հայ ժողովրդին եւ Հայրենիքին: