News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ղարաբաղյան շարժման խորհրդանիշ համարվող՝ «Շեփոր Աշոտը» (Աշոտ Միրզոյան) 27 տարի անց Ազատության հրապարակում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վերհիշում է շարժման տարիները:

Ավտոբուսում իմացա, որ միտինգ է լինելու, չլսված բան էր

«Այդ ժամանակ ինժեներ էի աշխատում Լազերային տեխնիկայում, որը գտնվում էր 6-րդ Մասիվում: Երբ շարժումը սկսվեց… պատահաբար իմացա, որ ինչ-որ միտինգ է լինելու: Գործընկերս ավտոբուսում ասաց, որ միտինգ է լինելու, գնալու ենք: Այն ժամանակ միտինգներ չկային, առաջին անգամն էր`ժողովուրդը հավաքվում էր միտինգի:

Փետրվարի 20-21-ն էր: Տղաներով հավաքվել էինք մեր ընկերոջ արվեստանոցում, կիթառ ու շեփոր էինք նվագում: Տղաներն ասացին. «Միտինգ կա ժամը 3-ին, մենք էլ  իջնենք, կարևոր մի բանա լինելու, Մոսկվայի ինչ-որ պաշտոնյաներ էին եկել»: Եկանք Օպերա, ահագին ժողովուրդ կար, պատասխանի էին սպասում, որը ուշանում էր: Այդ ժամանակ էլ որոշվեց առաջ գնալ, մարդիկ հասան մայթ ու կանգ առան: Առաջին անգամ էր, որ ժողովուրդը պիտի փողոց փակեր, նման բան չէր եղել նախկինում: Մարդիկ վախենում էին, ոստիկաններ կային, բայց հետևից ճնշումը մեծանում էր, շարքերը խտանում էին և հետևից հրում էին արդեն, բայց առաջին գիծը առաջ չէր շարժվում: 5 րոպե, 10 րոպե, անտանելի ճնշումային պահ էր:

Հենց շեփորեցի, էլ նայող չկար. մարդիկ դուրս եկան փողոց

Ես կանգնած էի, կողքիս մի երեխա ասաց. «Շեփոր ա՞, կտա՞ս նվագեմ»: Ես էլ մտածեցի` եթե երեխան գիտի, որ ձեռքինս շեփոր է, հաստատ նվագել կիմանա: Տվեցի շեփորս, մի երկու նոտա նվագեց, ժողովուրդը սկսեց բողոքել:

Հենց այդ պահին ես սկսեցի նվագել «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի երաժշտությունը: Ժողովուրդը հենց առաջին վայրկյանից ընդունեց  իմ շեփորը: Հենց նվագեցի, էլ նայող չկար` ոստիկան կա, չկա, ժողովուրդը գնաց առաջ: Բարձրացանք Բաղրամյանով, ինքս էլ մի բարձր տեղ կանգնեցի ու սկսեցի նվագել տարբեր բաներ, օրինակ՝ «Իմ սիրտը լեռներում է, «Դլե յաման» և այլն: Ահագին ժամանակ նվագեցի, բայց պատասխանը չէր գալիս: Ես էլ հիվանդ էի, գնացի գործընկերոջս տուն թեյ խմելու, մի ժամից հետ եկանք, ժողովուրդն ավելի էր շատացել:

Մոտենալու ոչ մի ձև չկար: Ես էլ բարձրացա մի տեղ և հենց նվագեցի, միկրոֆոնով մեկն ասաց` շեփորին ճանապարհ տվեք: Բայց ի՞նչ ճանապարհ, տեղ չկար: Մարդիկ, ինձ ձեռքերի վրա փոխանցելով, հասցրեց կենտրոն: Էդ օրը էդպես անցավ:

15 հազար մարդ Ազատության հրապարակից ոտքով հասավ 6-րդ Մասիվ՝ շեփորին կանչելու

Հաջորդ օրը գնացի գործի, ժողովուրդը հավաքվում է հրապարակում և պահանջում երեկվա շեփորին: Ինչ-որ մեկն ինձ ճանաչում է, եւ 15 հազար մարդ Ազատության հրապարակից հասնում է Մասիվ, շրջափակում շենքը ու ինձ պահանջում: Տնօրենս էլ թույլ է տալիս, որ գնամ: Շեփորն իմ ուզելով չէր, մեր ուզելով էր: Հիմա հարցնում են` բա մեզ պե՞տք էր: Ես էլ ասում եմ` հիմա մարդիկ մեզ ասելով մենակ իրենց նկատի ունեն, բայց էն ժամանակ մենք ասելով՝ նկատի ունեինք բոլորիս: Շեփորը «Մենքի» խորհրդանիշն է, շեփորը մենք էինք: Շեփորը ժողովրդի կամքն էր, ոչ մեկը էսօր 15 հազար հոգով չէր գա Մասիվ: Հիմա էլ կարամ շեփորեմ, բայց դա էլ էն չի լինի:

«Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմի երաժշտությունն Աղդամում էլ էի նվագել, երբ 30 հոգով ադրբեջանցիներին կոտորեցինք

Երբ որոշեցի նվագել Ազատության հրապարակում, հենց այդ պահին մի երաժշտություն մտքիս եկավ՝ «Ինչո՞ւ է աղմկում գետը»: Ինչո՞ւ այդ մեղեդին: Ամեն ինչ սկսվեց ճամբարից. ես 12-13 տարեկան մի երեխա ճամբարում նվագում էի այդ երաժշտությունը, որ երեխաները քնեն: Դրան հակառակ՝ բոլորն արթնանում էին, կախվում պատուհաններից եւ գոռում՝ էլի, էլի:

Ինստիտուտն ավարտելուց հետո` 1981թ., մեզ տարան Աղդամ՝ ռազմական ճամբար: Այնտեղ հայերին չէին սիրում: Մի օր մեր տղաներից 2-ին կինոյից դուրս գալիս մի ոհմակ լավ ծեծի էր ենթարկել, արյունլվա արել: Երբ եկան, մեր տղաները կատաղեցին, եւ մոտ 30 հոգով՝ բոլորը մարզիկներ եւ ես՝ շեփորահար, վրանների ձողերը հանեցինք եւ գնացինք: Ամբողջ Աղդամն ավերեցինք էդ 30 հոգով: Հետո էլ շեփորի տակ սկսեցինք պտտվել քաղաքում: Երբ գնացքով հետ եկանք Երեւան, 300 հոգով շարվեցին, թե Աշոտ ջան, մի հատ նվագիր: Հենց այդ ժամանակ էր, որ հասկացա այդ երաժշտության ուժը:

Ֆիլհարմոնիայի նկուղից շեփորս հասավ Պատմության թանգարան

Ֆիլհարմոնիայի  նկուղում պահում էին շարքից  դուրս  եկած  գործիքներ: Ես էլ պիտի Լենինգրադ գնայի, բայց շեփոր չունեի: Առաջարկեցին, որ նկուղում նայեմ: Իջա ներքեւ եւ գտա մի շեփոր, որը 20-25 տարի չէին նվագել: Մուրճով դզեցի, յուղեցի, և  միանգամից մեկնեցինք: Մինչև Լենինգրադը՝ 4-օրյա համերգ ունեինք Ռոստովում: Հասանք հյուրանոց, գործիքը դրեցի կաթսայի մեջ, եռացրի, յուղեցի: Առաջին համերգին խուլ ձայն էր հանում, քանի որ երկար տարիներ չէր օգտագործվել և խամրել էր: Մի քանի օր շարունակ օրական 5-6 ժամ փչել եմ, մինչև ձայնը բացվելը: Հասանք  Լենինգրադ, արդեն զրնգուն ձայն ուներ:

Ու նկուղից հանված այդ շեփորը դարձավ պատմական մասունք եւ հասավ Պատմության թանգարան:

Կարոտում եմ Ազատության հրապարակում անցկացրած օրերը:

Մարդիկ ամեն օր գալիս էին, Լենինականից, Կիրովականից մարդիկ ոտաբոբիկ գալիս  էին Ազատության հրապարակ: Ամբողջ հայ աշխարհն էստեղ էր, ժողովուրդ էր  որոշում՝ ինչ պիտի անի իշխնությունը:

Այդ ժամանակ ուրիշ էր, կապ չուներ՝ ով էր, ինչ էր, մերն էր: Քաղցր օրեր էին,  հարազատություն կար: Կարոտում ենք էդ օրերը...

1996թ. ստիպված վաճառեցի տունս եւ ընտանիքով մեկնեցինք ԱՄՆ

1996թ. ընտանիքիս հետ ստիպված մեկնեցի ԱՄՆ: 18 տարի հետո վերադարձել եմ, բայց մենակ. կինս ու աղջիկս մնացել են էնտեղ: Չգիտեմ՝ ինչ անեմ, իրանց բերել չեմ կարող, որովհետև տուն չունենք Երևանում: Ես էլ գնալ չեմ կարող, որովհետեւ եղբորս մենակ չեմ կարող թողնել...

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ