News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը միայնակ չի մնա ղարաբաղյան հակամարտության հարցում։ Նա իր գործընկերների, ՀԱՊԿ ընկերների եւ եղբայրների հետ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը իր երկրի տեսակետն է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության կապակցությամբ եւ անդրադարձել է հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների հեռանկարներին, ինչպես նաեւ պատմել է Հայաստանից ստացած իր առաջին տպավորությունների մասին։

Ընդամենը մեկ  ամիս է, ինչ Դուք Երեւանում եք եւ պաշտոնապես ներկայացնում եք Բելառուսը մեր երկրում, բայց արդեն ակտիվ մասնակցում եք տարբեր միջոցառումների, հանդիպումներ եք անցկացնում։ Պատմե՛ք մի փոքր Ձեր մասին։

Իրականում Բելառուսի բոլոր արտասահմանյան դիվանագիտական առաքելություններն ակտիվ են, եւ դա պայմանավորված է ոչ միայն դիվանագետի անձնական որակներով, այլ նաեւ այն հանգամանքով, որ մեր դիվանագիտությունը ստեղծագործ է։ Առաջին հերթին դա ուղղված է կոնկրետ երկրի հետ ակտիվ համագործակցությանը։ Երկորդ հերթին դա աջակցում է մեր ձեռնարկություններին, մեր արտահանողներին՝ իրենց արտադրանքը արտաքին շուկա հանելու համար։ Հայաստանը բացառություն չէ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա նախքան դեսպանի պաշտոնին նշանակվելը ես ղեկավարում էի Բելառուսի ԱԳՆ արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտը։ Նախքան այդ երկար տարիներ աշխատում էի մաքսային մարմիններում, այսինքն՝ ըստ էության, զինվորական էի։ Կոչումով փոխգնդապետ էի, գնդապետի կոչում ստանալուն 3 ամիս էր մնացել, երբ ինձ հրավիրեցին ԱԳՆ։

Ամուսնացած եմ։ Մեծ աղջիկս մի քանի ամիս առաջ թոռնիկ պարգեւեց։ Որոշեցին նրա անունը Կարինա դնել, ինչը ինձ համար զարմանալի էր, քանի որ ես նրանց չէի ասել, որ նշանակվում եմ Հայաստանում Բելառուսի դեսպան։ Ես իմացել եմ, որ Կարինան Հայաստանում ամենատարածված կանացի անուններից մեկն է։

Վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Հայաստանի ԶՈւ-ն վերջերս կանխեց  սահմանը խախտելու Ադրբեջանի փորձը։ Ձեր կարծիքով՝ որքա՞ն կարող է շարունակվել Բաքվի նման արկածախնդիր քաղաքականությունը, որը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Ինչիպիսի՞ն է այս հարցում Բելառուսի դիրքորոշումը։

Բելառուսը հետխորհրդային երկրներից բոլորից լավ է հասկանում, թե ինչ տառապանքներ է կրել հայ ազգը, որ այդ տառապանքները շարունակվում են։ Այդ տառապանքները ոչ մի դեպքում չպետք է շարունակվեն։ Մեր նախագահը եւ կառավարությունը հենց խաղաղ կարգավորման կողմնակից են։ Հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ ես միայն ափսոսանք կարող եմ հայտնել։  Բելառուսի պաշտոնական դիրքորոշումը միշտ այն է եղել, որ կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը ստեղծվել է հակամարտությունը առավելագույնս կարգավորելու համար՝ աստիճանաբար նվազեցնելով լարվածությունը։ Այժմ առիթ կա ակտիվացնել այս խմբի գործունեությունը՝ կոնկրետ, ըմռնելի որոշումներ կայացնելու համար։

Ժամանակը չէ արդյոք, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոնկրետ հասցեավորված հայտարարություններ անեն՝ ադրբեջանական կողմի նման քայլերը կանխելու համար։

Ո՞մ համար է հակամարտությունը սրվում։ Նշանակում է, որ կան ուժեր, որոնց դա ձեռնտու է։ Ես չգիտեմ, որքանով են այդ մարդիկ առողջ դատում, որքանով են նրանք հոգեպես առողջ։ Չէ՞ որ մարդու նորմալ վիճակը հանգիստն է, ուրախությունը, մերձավորների մասին հոգածությունը։ Ներեցեք կրկնվելու համար, ծառ տնկելը, երեխաներ ծնելն ու տուն կառուցելն է։ Բայց ոչ մի դեպքում հակառակը՝ ոչնչացնել տունը, սպանել երեխաներին եւ կտրել ծառը։ Չէ՞ որ  մարդը բնության մասնիկն է։ Ուրիշ ո՞ր կենդանական արարածն է զանգվածաբար սպանում իր նմաններին։ Ես միգուցե իդեալիստ եմ, սակայն հիանալի հասկանում եմ, որ չարը կպատժվի։ Ես կարծում եմ, որ հայկական հողի վրա կլինի խաղաղություն, հանգստություն, եւ ձեր ազգը վերջապես կհասնի այն արդար արժեքներին եւ այն հարգանքին, որը նա դարեր եւ հազարամյակներ շարունակ վաստակել է։ Ես անկեղծ հավատում եմ եւ ցանկանում եմ դա։

Հայաստանն ու Բելառուսը ԵՏՄ գործընկերներ են։ Առանձնացրե՛ք խնդրում եմ տնտեսության կոնկրետ ոլորտները, որտեղ երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժ կա։

Մենք հսկայական արդյունաբերական ներուժ ունենք։ Մեր ինժեներները տեխնիկապես միանման են դատում, նրանք ստանդարտավորման միասնական դպրոց են անցել։ Այդ պատճառով կան շատ լավ  հեռանկարներ։ Ես օրինակ հենց նոր էի եկել, եւ բառացիորեն հաջորդ շաբաթ կայացավ հայ-բելառուսական գիտատեխնիկական հանձնաժողովի նիստը։ Նրանք որոշել են Սեւանում գիտական կենտրոն ստեղծել, որտեղ կգործի հայ-բելառուսական տեխնիկական կենտրոն։

Հայաստանը հիանալի բնակլիմայական պայմաններ ունի։ Բնականաբար գյուղատնտեսական արտադրանքի մեծ հնարավորություն կա։ Գաղտնիք չէ, որ մենք մեզ մոտ չենք կարող շատ մթերքներ աճեցնել՝ ելնելով կլիմայական առանձնահատկություններից։ Այդ պատճառով ստիպված ենք գնել։ Ես համոզվել եմ, թե որքան որակյալ է հայկական գյուղատնտեսական արտադրանքը։ Միակ բանը, որը պակասում է, եւ սա քննադատություն չէ, այլ փաստի արձանագրում, գյուղատնտեսության մեխանիզացումն է։ Բելառուսն ունի գյուղատնտեսական մեքենաների եւ գործիքների ամբողջ շարք։ Հայաստանը կերակրում է իրեն, իսկ հիմա պետք է, որ նա արտադրանք մատակարարի Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս եւ Ղրղզստան։ Առավելապես պետք է զարգացնել արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, ֆինանսական, մշակութային ոլորտներում փոխհամագործացկությունը, կազմակերպել տարբեր մարզական միջոցառումներ, վերապատրաստումներ։

Եվ իհարկե չի կարելի մոռանալ, որ Բելառուսն ու Հայաստանը ՀԱՊԿ գործընկերներ են։ Վառոդը պետք է չոր լինի։ Մենք ոչ ոքի չենք սպառնում, բայց ամեն դեպքում պետք է հստակ հասկանանք, որ աշխարհը շատ անկայուն է եւ շատ բարդ։ Այդ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման։

Չե՞ք կարծում, որ ՀԱՊԿ-ը պետք է որեւէ դատապարտող հայտարարություն անի Ադրբեջանի հասցեին, որը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում։

Բառացիորեն անցյալ շաբաթ Հայաստանում՝ «Բաղրամյան» հրաձգարանում, ՀԱՊԿ զորավարժություններ կայացան։ Մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ մյուս անդամ երկրների բանակների ստորաբաժանումները։ Բնականաբար նման միջոցառումների վրա է բեւեռված հարեւան երկրների ուշադրությունը։ Դա հստակ ուղերձ էր առ այն, որ Հայաստանը այդ խնդրի հետ միայնակ չի մնա։ Հայաստանի կողքին են իր գործընկերները, ընկերները, ես կասեի եղբայրները։ Այդ պատճառով, եթե պարզ ասենք, ապա դա հայտարարություն էր արտաքին աշխարհին այն մասին, թե ինչին կարող է բախվել ագրեսիան՝ հավաքասկան հետ մղման։

Ի՞նչն է Ձեզ Հայաստանում ամենից շատ դուր եկել։

Հայաստանի ճարտարապետությունը յուրահատուկ է։ Այն հիմնված է բազմադարյա ավանդույթների վրա։ Դա հայ ժողովրդի եւ արտաքին շրջապատի ներդաշնակության արտահայտումն է։ Սակայն ցանկացած արժեք մարում է մարդկային արժեքների կողքին։ Ինձ, անկեղծ ասած, ամենից շատ զարմացրին հենց հայերը։ Զարմացրին իրենց հոգու գեղեցկությամբ, հպարտ հանգստությամբ։ Աչքի է զարնում երեխաների նկատմամբ մեծ սերը։ Մինսկում երբեք չես տեսնի, որ անծանոթ մարդը մոտենա եւ ասենք շոյի քո երեխայի գլուխը։ Այստեղ երեխաները շրջապատված են հասարակության սիրով։ Սերն ու հանդուրժողականությունը ոչ միայն ձեր գեներում է, այլ արմատավորվում է եկեղեցու միջոցով։

Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ