News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Երևանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում (Բոշի մայլա) մոտ երեք ամիս առաջ արված սխալ ասֆալտապատման հետևանքով անձրևաջրերը լցվում են բնակիչների տները։ NEWS.am-ի հետ զրույցում տների բնակիչներն ասացին, որ փողոցի ասֆալտապատումը թեք է արվել, ինչի պատճառով ջրերը ոչ թե հոսում են փողոցով՝ ինչպես նախկինում, այլ լցվում են բակերը և տները։  Բնակիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին, սակայն լուծում չստանալով սկսել են գումար հավաքել ու իրենց տների մուտքի մոտ ջրապատնեշներ սարքել։ Այդուհանդերձ, հորդառատ անձրևի ժամանակ դա էլ չի օգնում։ Բնակիչները նշում են, որ սովորաբար անձրևներից հետո ստիպված են լինում տան սենյակներից դույլերով ջուրը դուրս հանել։

«Տների հատակն ու կահույքը սաղ փչացել է։ Էս անգամվա անձրևը մոտ տասը րոպե տևեց, տեսեք՝ ինչ վիճակ է։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ կլինի եթե մի ժամ անձրև գա»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնակիչներից Հարութ Ճգնավորյանը։

Փողոցի տակով անցնում են կոյուղագծեր։ Բնակիչները կարծում են, որ խնդիրը կարող է լուծվել, եթե փողոցից դեպի կոյուղագծեր փոս փորվի, դա հնարավորություն կտա, որ անձրևաջրերը լցվեն կոյուղի։ Շենգավիթի թաղապետարանից բնակիչներին խոստացել են մարդ ուղարկել, սակայն բնակիչները ոչ ոք չեն տեսել։ Եթե հարցն առաջիկայում չլուծվի, բնակիչները սպառնում են իրենց մեթոդներով լուծել այն։

«Արդեն համբերությանս բաժակը լցվել է։ Եթե իրենք չանեն, ուրեմն մենք մոտ 100 հոգի ենք փողոցում՝ ասֆալտը կքանդենք, լյուկը կգտնենք, թող ջուրն էնտեղ գնա։ Սաղ ջուրը բակեր ու տներ է լցվում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լաուրա Խոջոյանը։

Տպել
Ամենաշատ