Արարատի մարզի Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի մոտ 600 բնակիչներ բողոքում են, որ Երեւան հասնող երթուղայինը, չնայած պարտավոր է, սակայն իրենց թաղամասում կանգառ չի անում։
Բնակիչներից Գոհար Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երթուղայինի վարորդները հրաժարվում հասնել փախստականներով բնակեցած այդ թաղամաս՝ առանց որեւէ հստակ պատճառաբանության:
«Ասում են՝ յախք, էլի սրանք: Ուզում ենք նստենք, ասում են՝ դուռը մի բացի, չեմ հելնում Գետաշեն: Կապ չունի՝ ժամը քանիսն ա, իջեցնում են Հայանիստի խաչմերուկում, ասում՝ ոտքով գնա»,- ասաց բնակչուհին:
Գետաշենի բնակիչները՝ այդ թվում դպրոցական երեխաներ, ոտքով ամեն օր երկու կիլոմետր ճանապարհ են անցնում՝ կանգառին հասնելու համար, կամ ստիպված են լինում հավելյալ գումար ծախսել ու գյուղի կենտրոն հասնել Մասիս- Էջմիածին տրանսպորտային գիծը սպասարկող երթուղայինով:
«Մասիս-Էջմիածին երթուղայինն ենք նստում, հասնում Հայանիստի խաչմերուկ, այնտեղից այդ 487 համարի երթուղայինն ենք նստում, որ մեզ մոտ չի գալիս, հասնում Արգավանդ: Արգավանդից էլ մի ուրիշ տրանսպորտ պիտի նստենք, որ մեր ուզած վայրը գնանք»,- նշեց Գոհար Սահակյանը:
Գետաշենցիները, նրանց հետ նաեւ Հայանիստի եւ հարակից գյուղերի բնակիչները 487 համարի երթուղայինի աշխատանքից դժգոհ են նաեւ այլ պատճառներով: Հայանիստին եւ հարակից մոտ 6 գյուղերին (Ջրառատ, Հայկաշեն, Մեծամոր, Հովտաշատ, Ազատաշեն, Գեղանիստ) սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսով, ինչպես բնակիչներն են ասում, ռիսկային է երթեւեկելը:
«Հնամաշ «Գազելներ» են, ու այնքան մարդ է նստում՝ տեղ ու դադար չկա, անգամ կանգնել չի լինում դրանց մեջ: Արդեն մի քանի տարի է՝ ուսանողական չի անցնում գյուղով: Դրանից եւ ուսանողներն են օգտվում, եւ աշխատանքի գնացողները: Ուսանողները մինչեւ հասնում են դասի, արդեն հոգնում են: Վերադառնալիս էլ մի քանի անգամ ավելի հոգնում են երթուղայինում խցկված վիճակից: Բացի այդ՝ 15 րոպեն մեկ պետք է շարժվի, բայց գրեթե միշտ ինչ-որ պատճառաբանությամբ ուշանում է»,- NEWS.am-ին ասաց Հայանիստի բնակիչներից Աննա Հարությունյանը:
Բնակիչներն իրենց բողոքները հայտնել են նաեւ նամակով՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությանը: Ի պատասխան իրենց նամակի` նրանց ասել են, որ 487 համարի երթուղայինի երթուղու մեջ մտնում է նաեւ Գետաշեն թաղամասը եւ վարորդներն իրավունք չունեն հրաժարվել երթեւեկել այնտեղ: