News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նա, ով ժխտում է Հոլոքոստը, ռասայական ատելության կոչ է անում, բայց նա, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը, պարտադիր չէ, որ ատելություն քարոզի։ Ստրասբուրգի եվրադատավորների տրամաբանության այս տարբերությունը հասկանալի չէ։ Այս մասին Tagesanzeiger շվեյցարական պարբերականում լույս տեսած հոդվածում գրում է խմբագիր Ֆելիքս Շինդլերը՝ անդրադառնալով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ կայացրած որոշմանը։

Հեղինակը նշում է, որ Շվեյցարիան ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել, որը ազգայնականները ոտնահարելու իրավունք չունեն։ «Մեր ժողովուրդը ժողովրդավարական կարմիր գիծ է սահմանել ցեղասպանության ժխտման համար, որը ռասիստները շրջանցել չեն կարող։ Դատավորները հստակ սահմանել են, որ հայոց ջարդերը քաղաքական եւ գիտական տեսակետից միանշանակ բնորոշվում են որպես ցեղասպանություն։ Սակայն դրանով հանդերձ հիմա Շվեյցարիան իրավունք չունի ազգայնական Դողու Փերինչեքին դատապարտել, եթե նա մեր պետության տարածքում հայտարարի, թե Հայոց ցեղասպանությունը կեղծիք է»,- գրում է Շինդլերը։

Խմբագիրը նշում է, որ ՄԻԵԴ որոշումը մեծ նշանակություն ունի, քանի որ այն վերջնական է, եւ Եվրոպայում տարբեր դատարաններ այսուհետ պետք է աչքի առաջ ունենան այդ վճիռը։ «Խնդիրն այն չէ, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող մեկ մարդ անպատիժ մնացել։ Շատ ավելի լուրջ է այն, որ ՄԻԵԴ-ը կշեռքի տարբեր նժարներին է դնում տարբեր ցեղասպանությունները։ Ով ժխտում է Հոլոքոստը, նա ավտոմատ կերպով ռասիզմ եւ ատելություն է քարոզում, իսկ Հայոց ցեղասպանությունը ժխտողը պարտադիր չէ, որ ատելություն քարոզի դրանով։ Անհասկանալի տարբերություն է»,- տարակուսում է հեղինակը։

Հոդվածագիրը կարծում է, որ ՄԻԵԴ որոշումը դժվար թե նպաստի հայ-թուրքական հաշտեցմանը։ «Կհաշտվեն արդյոք հայերն ու թուրքերը, դեռ մեծ հարց է։ Փաստն այն է, որ ՄԻԵԴ որոշումը հաստատ դրան չի նպաստի։ Դատարանը պետք է հաշվի առնի ազգային փոքրամասնությունների զգացմունքները։ Որքան էլ տարօրինակ է, այդ նույն դատարանը չոտնահարեց ազգային փոքրամասնությունների զգացմունքներն այն ժամանակ, երբ Ֆրանսիան մուսուլման կանանց արգելել էր իր պետության հասարակական վայրերում փարանջա կրել։ Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը»,- եզրափակում է հեղինակը։

Նշենք, որ ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15–ին վճիռ էր կայացրել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործով՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածի խախտում եւ այդ հիմքով մերժել են Շվեյցարիայի հայցը։ 

Որոշման մեջ նաեւ նշվում է, որ ՄԻԵԴ–ից չի պահանջվում սահմանել` արդյոք 1915թ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած հայ ժողովրդի կոտորածներն ու զանգվածային տեղահանությունը կարող են բնութագրվել որպես Ցեղասպանություն, եւ որ ՄԻԵԴ–ը իրավասություն չունի այս հարցի վերաբերյալ իրավական ուժ ունեցող գնահատական տալ։

Հիշեցնենք, որ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը դատապարտել էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ 2013թ. Եվրոպական դատարանի ստորին պալատը որոշել էր, որ Շվեյցարիայի դատարանի վճիռը Մարդու իրավունքների կոնվենցիայի 10–րդ հոդվածի ոտնահարում է։ Շվեյցարիայի կառավարությունն իր հերթին դիմել էր ՄԻԵԴ` գործը ՄԻԵԴ Մեծ պալատ փոխանցելու խնդրանքով, որը 2014թ. բավարարվել էր։ Հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ