News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է «Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերարներ տեր եւ տիկին Արմեն եւ Պերճուհի Նալպանտեանների հովանավորությամբ:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն ավարտվել է երեք մասնաշենքից բաղկացած եռահարկ կառույցի /3200 քմ/ 2-րդ եւ 3-րդ մասնաշենքերի նորոգումը: Վերակառուցման եւ նորոգման արդյունքում մասնաշենքերն ուժեղացվել են, վերակառուցվել է ինժեներական ներքին ցանցը, այդ թվում` էլեկտրական, ջրամատակարարման եւ ջեռուցման համակարգերը, կառուցվել են գրանիտե  եւ լամինատե հատակներ:

Նախկինում երկու մասնաշենքերին սպասարկող մեկ սանհանգույցի փոխարեն կառուցվել է ընդհանուր թվով վեց սանհանգույց: Կրթօջախի 600 աշակերտները դասերն անցկացնում են արդեն նորոգ մասնաշենքերում: Ներկայումս ուժեղացվում եւ հիմնանորոգվում է 1-ին` գլխավոր մասնաշենքը: Սկսվել է մարզադահլիճի կառուցումը, որի բացակայությունը մեծ բաց էր նման խոշոր կրթօջախի համար: Գլխավոր մասնաշենքի եւ մարզադահլիճի պատրաստ լինելուն պես դպրոցը կկահավորվի եւ կապահովվի անհրաժեշտ սպորտային գույքով:

Գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը նշում է, որ գյուղի դպրոցականներին ու ուսուցիչներին բարենորոգ ու հարմարավետ պայմաններ պարգեւելուց բացի, դպրոցի վերակառուցումն այս տաս ամիսների ընթացքում ամիսը միջին հաշվով 30 բանվորի ապահովել է աշխատանքով ու եկամտով:

Գյուղացիներն ուրախությամբ ասում են, որ արագիլներն անգամ ողջունում են դպրոցին նոր կյանք տալու այս ձեռնարկը. տարիների ընթացքում առաջին անգամ նրանք բույն էին դրել դպրոցի տանիքի չորս անկյուններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ