Ճապոնական այն ընկերությունները, որտեղ 50-ից ավելի մարդ է աշխատում, պարտադիր կերպով պետք է իրենց աշխատակիցներին սթրեսի ստուգում առաջարկեն։ Աշխատանքի անվտանգության եւ հիգիենայի մասին համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 1-ից։
Ստուգման նպատակն է աշխատանքի ծանրաբեռնվածությունը վերաբաշխել աշխատակիցների միջեւ եւ դրանով կանխել սթրեսի հետեւանքով մարդկանց մոտ հոգեկան հիվանդությունների առաջացումը։
«Վերջին ժամանակներս ընկերությունների աշխատակիցների ավելի քան 50 տոկոսը ուժեղ անհանգստություն եւ սթրես է ապրում, եւ հոգեկան առողջությունը պահպանելը մեծ խնդիր է դարձել»,- NHK հեռուստաալիքի եթերում ասել է Ճապոնիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կացուտոսի Ցուկամոտոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախարարության տեղեկություններով՝ Ճապոնիայում սթրեսի թեստ է հանձնելու 16 հազար ընկերություններում աշխատող տարեկան 20 մլն մարդ։
Թեստերի եւ բժիշկների եզրակացությունների հիման վրա ընկերություններում աշխատանքը պետք է վերաբաշխվի այնպես, որ աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծվեն եւ կանխվի մարդկանց մոտ ընկճախտի առաջացումը։
Նոր օրենքն արգելում է գործատուներին աշխատանքից ազատել աշխատակիցներին, որոնց մոտ սթրեսի նախանշաններ են հայտնաբերվել։