News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Նախարարության վարչական համալիրում կայացած խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, պաշտպանության եւ ֆինանսների նախարարները, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության ղեկավարությունը եւ Զինված ուժերի հրամանատարական կազմը:

Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են 2014-2015թթ. անցկացված Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքները: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Զինված ուժերի 2016-2020թթ. զարգացման պլանն ու Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հնարավոր ռազմական գործողությունների վարման ձեւերն ու եղանակները, Զինված ուժերի ղեկավարման համակարգն ու զարգացման հիմնական ուղղությունները, ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով Զինված ուժերի շարունակական համալրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է եղել Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման նախորդ՝ 2011-2015թթ. պետական ծրագրի իրագործմանը. արձանագրվել է, որ այն կատարվել է ամբողջությամբ:

Նախագահն ընդգծել է, որ հայկական բանակը գերժամանակակից տեխնիկայով լայնորեն համալրման գործընթացին համահունչ, անհրաժեշտ է նույնքան ուշադրություն դարձնել այդ տեխնիկայի օգտագործման մասնագիտական կարողությունների անընդհատ կատարելագործմանը: Հանրապետության նախագահը հանձնարարություններ է տվել Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման վերաբերյալ` սահմանելով պլանավորման ղեկավար փաստաթղթերի կատարման վերաբերյալ հաշվետվողականության ժամկետներն ու կարգը:

Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ՀՀ նախագահին վստահեցրել է, որ զարգացման պլանի եւ սպառազինության ծրագրի իրականացումը, Զինված ուժերում նոր մոտեցումների ու սկզբունքների արմատավորումը թույլ կտան զգալիորեն ավելացնել բանակի մարտական կարողությունները, ապահովել ժամանակակից չափանիշներին համապատասխան զարգացումը՝ շարունակելով իրականացնել Հայաստանի եւ Արցախի հուսալի պաշտպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ