Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամին Հայաստանի մասնակցությունը հեռանկարային կլինի հատկապես կինոարտադրության ոլորտի զարգացման համար։ Այս մասին մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։
Նրա խոսքով՝ 2016թ. հունվարից Հայաստանը դարձել է «Եվրիմաժ» հիմնադրամի լիիրավ անդամ։ «10 տարի շարունակ բանակցություններ էին ընթանում, եւ հայկական կինոարտադրության գրանցած հաջողությունները երկրին հնարավորություն են տվել դառնալ հիմնադրամի լիիրավ անդամ»,- նշել է Պողոսյանը։ Փոխնախարարի համոզմամբ կինոարտադրողները, պրոդյուսերները պետք է ծրագրեր մշակեն, որոնք համապատասխանում են «Եվրիմաժ» հիմնադրամին։
Անդրադառնալով անդամակցության վճարին՝ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի համար այն կազմում է 63 մլն դրամ։